Հայ փախստականը պահանջում է Բաքվից վերադարձնել իր բնակարանը կամ փոխհատուցում վճարել

Հայ փախստականը պահանջում է Բաքվից վերադարձնել իր բնակարանը կամ փոխհատուցում վճարել

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է Ադրբեջանի օմբուդսմեն Ելմիրա Սուլեյմանովային, որտեղ մասնավորապես ասվում է. « Հարգելի տիկին Սուլեյմանովա, Երեւան քաղաքի Բագրատունյանց 4-րդ նրբանցքի 21 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ Անդրեյ Ծատուրյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ իր ընտանիքը բաղկացած է չորս անձանցից՝ ինքը՝ Անդրեյ Իսակովի Ծատուրյանը /ծնված 1938թ./, կինը՝ Նելլի Սուրենի Ծատուրյանը /1938/ եւ երկու երեխաները՝ Արթուր Անդրեի Ծատուրյանը /ծնված 1968թ./ եւ Սուսաննա Անդրեի Ծատուրյանը /ծնված 1971թ./:

Նշել է, որ 1988թ. ընտանիքով լքել է Ադրբեջանի Բաքու քաղաքը՝ թողնելով այնտեղ երեքսենյականոց բնակարանը եւ տան ամբողջ գույքը: Գույքը ապահովագրված է եղել 10.000 ռուբլի ապահովագրական գումարով:

Դիմումին կից ներկայացնելով բնակարանի օրդերը, բնակարանի ապահովագրության վերաբերյալ վկայականը եւ 12.12.1988թ. հաշվառման կենտրոնական բյուրոյի կողմից տրված փախստականի տեղեկանքը՝ խնդրել է Պաշտպանի միջամտությունը բնակարանի վերադարձման կամ համապատասխան փոխհատուցում ստանալու հարցում:

Հաշվի առնելով վերոգրյալը Ձեզ եմ ուղարկում քաղաքացի Անդրեյ Ծատուրյանի կողմից դիմումին կցված փաստաթղթերի պատճենները, խնդրում եմ հայտնել, թե օրդերում նշված բնակարանը ում անվամբ է գրանցված տվյալ պահին: Եթե այն դարձել է ուրիշի սեփականությունը, ապա որ թվականից եւ ինչ իրավական հիմնավորմամբ»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---