14 նոյեմբերի 2010 - 16:12 AMT
Արա Պապյանը դեմ է Երևանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրմանը

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը մեկն է այն մարդկանցից, ովքեր միացել են ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանն ընդդիմացող նախաձեռնությանը: «Ես այնքան նեղմիտ ազգայնական չեմ, որ դեմ լինեմ մշակութային շփումներին: Դեռևս երկու-երեք տարի առաջ, երբ հայ քաղաքական և հասարակական գործիչների շրջանում, ինչպես միշտ օտարերկրյա ֆինանսավորմամբ, հարցախույզ էր անցկացվում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագայի շուրջ, ես ինքս եմ առաջարկել նախաձեռնել, ապաև ընդլայնել փոխադարձ մշակութային կապերը»,- ասել նա: «Հիմա ես դեմ եմ, որովհետև փոխվել է շատ կարևոր բան. ոտնահարվել է արդարությունը, այսինքն՝ խախտվել է փոխադարձության սկզբունքը: Եթե Երևանում, կարծես այս անգամ ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ, նպատակ կա անցկացնել ադրբեջանական ֆիլմերի դիտում, ապա Բաքվում էլ պիտի կազմակերպվի համարժեք միջոցառում, այսինքն՝ պիտի կազմակերպվի հայկական ֆիլմերի ցուցադրություն: Եթե սա չի արվում, ապա ամբողջ աշխարհին սխալ ուղերձ է հղվում՝ մարդիկ մտածում են, որ միայն հայերի մեջ հանդուրժողականություն սերմանելու կարիք կա»,- շեշտել է նա` ավելացնելով, որ չի կարող պնդել, որ հայերն արևմտյան չափանիշներով հանդուրժող հասարակություն են: «Անտարակույս մենք հանդուրժողականության պակաս ունենք մեր իսկ հասարակության որոշ փոքրամասնությունների նկատմամբ: Այս առումով մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու: Սակայն հայ հասարակության հանդուրժողականության մակարդակը մի քանի գլուխ բարձր է ադրբեջանական հասարակության հանդուրժողականությունից: Եվ սա վերաբերում է ոչ միայն ազգամիջյան հարաբերություններին: Փոխադարձության սկզբունքը կարևորագույն սկզբունք է միջպետական հարաբերություններում: Այն անշեղորեն պետք է պահպանել: Միջպետական հարաբերություններում որևէ չարդարացված զիջում մեր տարածաշրջանում ընկալվում է որպես թուլության նշան և հղի է խիստ վտանգավոր հետևանքներով»,- ընդգծել է Արա Պապյանը` նշելով, որ պետք չէ մոռանալ, որ հայ հասարակության տեսած վերջին ադրբեջանական ֆիլմը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մասնակցությամբ էր: