Չնայած ճգնաժամին, Հայաստանում հաշմանդամների ինտեգրմանն աջակցող ոչ մի ծրագիր չեղյալ չի համարվի

PanARMENIAN.Net - «Այն խնդիրները, որոնք այսօր ունեն հաշմանդամություն ունեցող մարդիկ, պետք է լուծվեն պետության, հասարակության և յուրաքանչյուր մարդու կողմից, այսինքն` համատեղ ջանքերով»,- նոյեմբերի 15-ին մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը:

Նա նշել է, որ չնայած ճգնաժամին, Հայաստանում հաշմանդամների ինտեգրմանն աջակցող ոչ մի ծրագիր չեղյալ չի համարվի: Բժշկական-սոցիալական վերականգնման ծրագրին 2010-ի բյուջեով հատկացվել է 1.060 դրամ: «Այդ թիվն անփոփոխ կմնա»,- հայտնել է փոխնախարարը:

Հաշմանդամների խնդիրների հետ կապված` նա նշել է, որ տվյալ պահին Հայաստանի շենքերը և մայթերը գրեթե հարմարեցված չեն նրանց կարիքների համար: «Հաշմանդամություն ունեցող մարդը կարող է երկրորդ հաշմանդամությունը ստանալ, եթե օգտվում է նորակառույցների թեք հարթակներից»,- նշել է փոխնախարարը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն, Հայաստանում այսօր գրանցված է հաշմանդամություն ունեցող շուրջ 180 հազար մարդ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---