Իրանը Հայաստանի ակտիվ գործընկերն է համարվում մաքսային հարցերով համագործակցության առումով

Իրանը Հայաստանի ակտիվ գործընկերն է համարվում մաքսային հարցերով համագործակցության առումով

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հրավերով Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության պետ Արդեշիր Մոհամմադիի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես ասվում է կոմիտեի մամլո հաղորդագրության մեջ, նրանց այցը կազմակերպվել է տարեսկզբին Հայաստանում մեկնարկած Սահմանների համալիր կառավարման ծրագրի շրջանակներում, որը նախատեսում է լայնածավալ միջոցառումներ սահմանային երկկողմ համագործակցության ամրապնդման, ինչպես նաև մաքսակետերում ծառայություն իրականացնող համապատասխան գերատեսչությունների համատեղ աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Պատվիրակության անդամները նախ պաշտոնական հանդիպում են ունեցել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար կազմի հետ, ստորագրել երկկողմ համագործակցության փաստաթղթեր, այդ թվում համաձայնագիր` տեղեկությունների փոխանակման վերաբերյալ, ապա մեկնել հայ-իրանական սահման` Մեղրիի մաքսակետ` տեղում ծանոթանալու ծրագրի շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին. «Մաքսային հարցերով համագործակցության առումով Իրանը Հայաստանի ակտիվ գործընկերն է համարվում: ՀՀ վարչապետի` այս տարի Թեհրան կատարած պաշտոնական այցի ժամանակ քննարկվել էին հայ-իրանական սահմանակետի բարեփոխման հարցերը և իրանական կողմին առաջարկվել էր այցելել Հայաստան»,- լրագրողներին փոխանցել է Հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանը:

Սահմանների համալիր կառավարման շրջանակներում վրացական կողմի հետ արդեն իսկ սկսվել են աշխատանքները հայ-վրացական սահմանակետերում: Հաջորդ քայլը հայ-իրանական սահմանային անցակետի բարեփոխումն է և այստեղ նույնպես սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրումը. «Այս դեպքում սահմանը հատողն ընդամենը մեկ անգամ է մաքսային հայտարարագիր ներկայացնելու` միայն ելքի ժամանակ, որն արդեն ավտոմատ կերպով կփոխանցվի մուտքի մաքսային մարմնին: Այսինքն` պարզեցվելու է հայտարարագրման գործընթացը, սակայն զուգահեռաբար խստացվելու են զննման ընթացակարգերը` մաքսանենգությունից և ապրանքների ապօրինի շրջանառությունից խուսափելու նպատակով», -ասել է Կարեն Բեգլարյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---