
Վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի քննարկման ժամանակ որոշ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ հայտնել են, որ համամիտ են հիմնախնդրի լուծման գործընթացին Ստեփանակերտի մասնակցության ապահովման անհրաժեշտության հետ: Այդ մասին, ելույթ ունենալով Երևանի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, Հայաստանն ի սկզբանե պահանջել է Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին, սակայն ժամանակի ընթացքում Ղարաբաղը դուրս մղվեց այդ գործընթացից: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանակ առ ժամանակ բանակցություններ են վարում ԼՂՀ իշխանությունների հետ, սակայն ակնհայտ է, որ դա բավական չէ: Ինչպես նշել է Սեյրան Օհանյանը, Երևանը մտադիր է պնդել այդ դիրքորոշման հարցում և հույս ունի, որ Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին կապահովվի: