ՀՀ Ոստիկանություն. «Ժառանգության» պատգամավորները փորձել են բախում հրահրել քաղաքացիների և ոստիկանների միջև

ՀՀ Ոստիկանություն. «Ժառանգության» պատգամավորները փորձել են բախում հրահրել քաղաքացիների և ոստիկանների միջև

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին ժամը 12.00-ի սահմաններում Կառավարության շենքի մերձակայքում են հավաքվել բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող մի խումբ անձինք: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մի քանի պատգամավորներ նախ հավաքվածներին սադրեցին մոտենալ Կառավարության շենքին, ապա փորձեցին բախումներ հրահրել ոստիկանների հետ, որոնք օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում, պահպանում էին հասարակական կարգը: Այս մասին ասվում է ՀՀ Ոստիկանության մամլո հաղորդագրությունում:

«Ըստ ամենայնի` պատգամավորների խնդիրը ակցիայի խաղաղ ընթացքը շեղելն էր, կրքերը շիկացնելը, բախում հրահրել քաղաքացիների և ոստիկանների միջև: Դա, բարեբախտաբար, նրանց չհաջողվեց, և հնչեցին վիրավորանքներ ու հայհոյանքներ ինչպես ոստիկանների, այնպես էլ Կառավարության անդամների հասցեին: Ոստիկաններին հաջողվել է վերահաստատել հասարակական կարգը: Ցուցարարները հեռացել են Կառավարության շենքի մուտքից և շարունակել իրենց ակցիան, որին ոչ ոք չի խոչընդոտել, հաղորդում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը»,- նշվում է հաղորդագրությունում:

Երևանում տեղի է ունեցել ծեծկռտուք բացօթյա առևտրով զբաղվող մարդկանց, պատգամավորների և ոստիկանների միջև: Բացօթյա առևտրով զբաղվող մարդիկ, որոնք արդեն մի քանի շաբաթ բողոքում են փողոցային առևտուրն արգելելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշման դեմ, նախատեսել են այսօր ժամը 11:00-ին բողոքի ակցիա անցկացնել Հայաստանի կառավարության շենքի մոտ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դեպքի վայրից, առավոտյան կառավարության շենքը շրջապատվել է հարյուրավոր ոստիկանների կողմից, որոնք թույլ չեն տվել ակցիայի մասնակիցներին խմբվել կառավարության շենքի մոտ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---