Թուրք լրագրողը կարծում է, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ երկար գործընթաց կլինի

Թուրք լրագրողը կարծում է, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ երկար գործընթաց կլինի

PanARMENIAN.Net - 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների ճանաչումը շատ երկար գործընթաց է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Չինգիզ Աքթարը 2007-ին սպանված հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկոյի ժամանակ: Նա նշել է, որ շատ կարևոր է, որպեսզի թուրքական հասարակությունը հասկանա, թե ինչ է տեղի ունեցել, որ Թուրքիայի մտավորականությունը նպաստում է հասարակության իրազեկմանը և «իրականության ընկալմանը»: Այն հարցին, թե ճանաչում է նա անձամբ Հայոց ցեղասպանությունը, Աքթարը նշել է. «Ես ճանաչում եմ, բայց կարևոր է, որպեսզի ճանաչի թուրքական հասարակության մեծամասնությունը»:

Աքթարը, որը Հրանտ Դինքի ընկերն է, նաև նշել է, որ Հրանտ Դինքն առաջիններից է եղել, որը մեկնարկ է տվել հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը: Նրա խոսքերով, «Ակոսի» միջոցով Դինքն օգնել է թուրքերին ճանաչել հայկական իրականությունը, իսկ հայերին` թուրքական: «Այն, որ մենք այսօր գտնվում ենք Հրանտ Դինքի հիշատակի երեկոյին, հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության շարունակություն է»,- ասել է նա:

Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի կողմից թերթի գրասենյակի մոտ Ստամբուլում: Ավելի վաղ Դինքը դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով «ազգային ինքնագիտակցությանն» անպատվելու համար, քանի որ նա հիշատակել էր 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին: Դինքի հուղարկավորությանը հունվարի 23-ին Ստամբուլում հավաքվել էր մոտ 100 հազար մարդ, ովքեր իրենց ձեռքերում կրում էին «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», «Մենք բոլորս հայ ենք» ցուցապաստառները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---