Տիգրան Սարգսյան. Հայաստանը հսկայական անելիքներ ունի ազատ մրցակցության ձևավորման ճանապարհին

Տիգրան Սարգսյան. Հայաստանը հսկայական անելիքներ ունի ազատ մրցակցության ձևավորման ճանապարհին

PanARMENIAN.Net - Երևանում մարտի 21-23-ը մեկնարկեց միջազգային համաժողով` ուղղված ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի կողմից կազմված «Հայաստանի օրինակով մրցակցության օրենքի և քաղաքականության վերաբերյալ կամավոր փորձագիտական գնահատման զեկույցի» արդյունքների ներկայացմանը, և «Գերիշխող դիրք. խնդիրները և հետևանքները» թեմայով սեմինար:

Համաժողովի ընթացքում ներկայացվեց Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության անցած ուղին, առկա խնդիրները, ձեռքբերումները և հետագա քայլերը, ինչպես նաև` այլ երկրների համանման մարմինների փորձը և միջազգային փորձագետների գնահատականները:

Միջազգային կոնֆերանսի անցկացումը Հայաստանում հատկանշական է, քանի որ այս տարին ՀՀ ՏՄՊՊՀ-ի համար հոբելյնական է: Հանձնաժողովը նշում է հիմնադրման 10-ամյակը:

Համաժողովի բացմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդին, ԱՊՀ անդամ պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի քարտուղարության ղեկավար Ազամ Ուսմանով, ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը:

ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանն իր ելույթում մասնավորապես ասաց. «Հայաստանի նման անցումային, շուկայական տնտեսության ձևավորման փուլում գտնվող երկրների համար մրցակցությունն ունի կարևոր նշանակություն, և իշխանությունների գործունեության համար մեկ թիրախը հանդիսանում է մրցակցային դաշտը: Այս տեսակետից խիստ կարևորվում է ՏՄՊՊՀ-ի դերը, բայց մյուս կողմից, հասկանալի է, որ այս խնդիրը ՏՄՊՊՀ-ն չի կարող մենակ լուծել»:

Վարչապետը շեշտեց, որ անհրաժեշտ է բացահայտել այն խնդիրները, որոնք խարխլում են մրցակցությունը: Ըստ նրա, կան մի քանի հանգամանքներ` հարկային և մաքսային ոլորտի վարչարարություն, բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ապահովում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում:

Առկա խնդիրների լուծման համար ՀՀ վարչապետը կարևորեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության, ինսիտուցիոնալ կարողությունների բարձրացմանն, ինչպես նաև օրենսդրության հետագա բարելավմանն ու դրա կիրակմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի կողմից կազմված «Հայաստանի օրինակով մրցակցության օրենքի և քաղաքականության վերաբերյալ կամավոր փորձագիտական գնահատման զեկույցի» արդյունքների ներկայացման և Հանձնաժողովի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանում է նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդին:

Վերջինը գլխավորում էր Առևտրի համաշխարհային կազմակերպությունն այն տարիներին, երբ Հայաստանն անդամակցեց միջազգային այդ կառույցին և մեծապես աջակցել է մեր երկրին այդ գործում:

Յուրաքանչյուր 5 տարին մեկ ՄԱԿ-ի համաժողովում քննարկվում է որևէ կոնկրետ երկրի մրցակցային իրավիճակը, որի արդյունքում միջազգային կազմակերպությունները լուրջ աջակցություն են ցուցաբերում տվյալ երկրի մրցակցային իրավիճակի բարելավմանը:

ՄԱԿ-ի 6-րդ համաժողովում, 2010 թվականին, Համաժողովի աշխատանքային մեկ օր նվիրվել է Հայաստանի մրցակցային իրավիճակի, ձեռնարկված բարեփոխումների ներկայացմանն ու քննարկմանը:

Հայաստանում մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված համալիր զեկույցի նախապատրաստման նպատակով նախապես Հայաստան էին ժամանել ՄԱԿ-ի փորձագետներ:

Զեկույցի հեղինակները բարձր են գնահատել Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը: Փորձագիտական առաջարկներին արագ և արդյունավետ արձագանքելու համար Հայաստանի օրինակը ճանաչվել է լավագույնը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---