Հայաստանի վարչապետը գոհ չէ կենսաթոշակային վճարումների նոր կարգին «սահուն» կերպով անցում կատարելուց

Հայաստանի վարչապետը գոհ չէ կենսաթոշակային վճարումների նոր կարգին «սահուն» կերպով անցում կատարելուց

PanARMENIAN.Net - Կենսաթոշակների վճարման նոր կարգը կարգավորելու նպատակով Հայաստանի կառավարությունը մարտի 24-ի նիստում ժամանակավորապես դադարեցրել է վճարային համակարգերի կողմից կենսաթոշակ տրամադրելու պայմանագրերի կնքումը: 2010-ին կառավարության ընդունած կենսաթոշակային վճարումների նոր կարգի համաձայն, թոշակառուների սպասարկմամբ պետք են զբաղվեն «Հայփոստը», առևտրային բանկերը և վճարային համակարգերը:

«Մեր խնդիրն այսօր վճարային արտոնագիր ունեցող կազմակերպությունների հետ է, և ես ուզում եմ այն ներկայացնել նաև ձեր դատին։ Հունվարից, երբ այս բարեփոխումը մենք իրականացրինք և բացահայտվեցին բոլոր այն խնդիրները, որոնց մասին խոսում էինք, մենք տեսանք, որ դիմադրություն կա նաև աշխատակազմի կողմից, այն մարդկանց կողմից, որոնք անմիջականորեն զբաղվում էին թոշակների բաժանումով, որոնք այստեղ ցույցեր էին կազմակերպում և պահանջում էին, որ մենք նրանց ապահովենք աշխատանքով։ Այդ մարդիկ շատ արագ հայտնվեցին վճարային ծառայություն մատուցող կազմակերպություններում և շատ կարճ ժամանակահատվածում նախարարություն ներկայացրեցին իրենց հայտերը, որ իրենք պատրաստ են այդ ծառայությունը մեզ մատուցել։ Այդ մարդիկ աշխատանքի ընդունվեցին վճարային ծառայությունում և շատ կարճ ժամկետում ներկայացրեցին 34 հազար կենսաթոշակառուի ցուցակ, որ նրանք պատրաստ են այդ 34 հազարին սպասարկել, այն պարագայում, երբ բոլոր բանկերը միասին հասցրել էին ընդամենը 10 հազար հայտ ստանալ։ Ես հանձնարարեցի, որպեսզի վերահսկողական ծառայությունը պարզի, թե ովքեր են այդ 34 հազար թոշակառուները։ Կարճ ժամանակում պարզվեց, որ հայտերի մեջ կան մահացած մարդիկ, կան մարդիկ, որոնք Հայաստանում չեն եղել այդ ժամանակահատվածում, այսինքն այդ նույն կեղծարարությունը շարունակվում է։Հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչպես կարող էին նրանք այդ կարճ ժամանակահատվածում բերել այդ ցուցակները։ Նշանակում է, որ այդ մարդկանց ձեռքին կան այդպիսի ցուցակներ, որոնք թույլ են տալիս նրանց կեղծարարության շնորհիվ փող վաստակել։ Դրա համար մինչև ցուցակները վերջնականապես նախարարության կողմից չհստակեցվեն, վտանգավոր է այդ ընկերությունների հետ գործ ունենալ։ Ավելին, ես կարծում եմ, որ այս գործերը պետք է հանձնել դատախազություն, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող էր մահացած մարդը դիմում ներկայացնել, որ ինքն ուզում է այդ վճարային ծառայության միջոցով իր թոշակն ստանալ։ Այդ ինչպե՞ս է ստացվում։ Կան մարդիկ` 121 հոգի, ովքեր Հայաստանում չեն եղել, բայց դիմումներ են ներկայացրել, 14 հոգու ընդհանրապես հնարավոր չի եղել հայտնաբերել, մի քանի անգամ գնացել են այդ մարդկանց բնակարանները, ոչ ոք չկա այնտեղ, բայց այդ ծառայություն մատուցողները բերել են դիմումները, որ այդ մարդիկ ուզում են իրենց միջոցով թոշակ ստանալ։ Ես չեմ ուզում գնահատականներ տալ, քանի դեռ վերջնականապես պարզված չեն հանգամանքները, բայց այս պահի դրությամբ արդեն 421 դեպք հայտնաբերվել է հենց այդ մի վճարային ծառայության մոտ։ Այդ մարդիկ չեն հանգստանում, ուզում են պետությունից շարունակել այդ փողերը գողանալ։ Սա է իմ կարծիքը այս բացահայտումների վերաբերյալ։ Եվ ամենասարսափելին այն է, որ չնայած այս խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում, որտեղ հրապարակումներ են կատարվում, վերահսկողություն է իրականացվում, ֆինանսների նախարարության աուդիտն արդեն մի քանի ամիս է զբաղվում է ցուցակների ճշգրտումով, այդ մարդկանց սա բացարձակապես չի կաշկանդում, պատրաստ են գալ կառավարության շենքի դիմաց ցույցեր կազմակերպել, որ մենք իրենց թույլ տանք, որ այս գործառույթը շարունակեն։ Սա խիստ վտանգավոր է, դրա համար առաջարկվում է ժամանակավորապես կասեցնել վճարային ծառայությունների կողմից պայմանագրերի կնքումը, մինչև որ այդ ցուցակները կճշգրտվեն, կհասկանանք, թե այդ ինչ 34 հազար թոշակառուների են նրանք հայտնաբերել, որոնք ուզում են հենց իրենց միջոցով թոշակ ստանալ»,- ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---