24 մարտի 2011 - 18:43 AMT
ՀՀ-ում Իրանի դեսպանատունը հիշեցրել է դեսպան Յովանովիչին, որ Թեհրանը պատրաստ է Արևմուտքի հետ երկխոսության

Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հայտարարել է իր պատրաստակամությունը` երկխոսություն ծավալելու փոխադարձ հարգանքի եւ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իր անվիճելի իրավունքը ճանաչելու հիման վրա եւ ըստ այդմ մի շարք բանակցություններ է վարել 5+1 խմբի ներկայացուցիչների հետ: Այս մասին ավում է PanARMENIAN.Net-ի ստացած ՀՀ-ում Իրանի դեսպանատան հայտարարության մեջ: «Իրանի ժողովուրդն ու կառավարությունը անցած երեսուներկու տարիների ընթացքում ապացուցել են, որ պատրաստ չեն զոռբայության ազդեցության տակ հրաժարվել իրենց անվիճելի իրավունքներից եւ պատրաստ են փոխադարձ վստահության եւ հարգանքի մթնոլորտում ծավալել երկխոսություն` համաշխարհային նշանակության տարբեր խնդիրների շուրջ եւ ներկայացնել լուծումներ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:

Դեսպանատունը հայտարարել է նաև, որ մինչ այժմ Իրանի միջուկային ծրագրում որեւէ շեղում չի նկատվել և Իրանի համոզմունքն է, որ ՄԱԿ ԱԽ որոշումները ընդունվել են արեւմտյան տերությունների քաղաքական ճնշումների ազդեցության ներքո եւ չունեն որեւէ իրավական ուժ:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը մարտի 23-ի մամլո ասուլիսում հայտարարել էր, որ միջազգային հանրությունը, ԱՄՆ-ն ու «հնգյակը» հուսով են, որ Իրանը կվերադառնա բանակցություններին և կկատարի իր ստանձնած պարտավորությունները:

«Տեղին կլիներ, որ ԱՄՆ դեսպանը հասարակական կարծիքը համոզելու նպատակով պատասխանատվությունից փախչելու փոխարեն, պատասխանատու լինի տարածաշրջանի, մասնավորապես Գազայի, Պաղեստինի, ԱՖղանստանի, Բահրեյնի, Իրաքի եւ Լիբիայի հալածված ժողովուրդների դեմ դիմակայությունում ԱՄՆ երկակի վարվելակերպի համար»,-ասվում է Հայաստանում Իրանի դեսպանատան հայտարարության մեջ: