Հովիկ Աբրահամյանը և Քերոլայն Քոքսը քննարկել են ղարաբաղյան հարցն ու հայ-թուրքական հարաբերությունները

Հովիկ Աբրահամյանը և Քերոլայն Քոքսը քննարկել են ղարաբաղյան հարցն ու հայ-թուրքական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ բարձր է գնահատում է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի գործունեությունը: Նրա խոսքով` Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում: ԱԺ նախագահը նշեց միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը ոչ միայն երկկկողմ, այլ նաեւ բազմակողմ ձեւաչափով: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է եւ անհրաժեշտ է աշխուժացնել Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներով պատվիրակությունների երկկողմ այցերը: ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ բրիտանացի խորհրդարանականների այցը եւս կխթանի և նոր ազդակ կհանդիսանա երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների խորացման, համագործակցության եզրերի ընդլայնման, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեության աշխուժացման, երկկողմ այցերի ակտիվացման համար, հաղորդում է խորհրդարանի մամլո ծառայությունը:

Պատվիրակության կազմում առաջին անգամ Հայաստան այցելած Միացյալ Թագավորության պատգամավորների խնդրանքով ԱԺ նախագահը մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի նախապատմությունը, Հայաստանի դիրքորոշումը եւ մոտեցումները: ԱԺ նախագահն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացների այսօրվա վիճակին` կարեւորելով արտերկրում, միջազգային կառույցներում դրանց վերաբերյալ օբյեկտիվ կարծիք ձեւավորելու անհրաժեշտությունը: Եվրոպական կառույցներում հայկական պատվիրակություններն ակտիվ գործունեություն են ծավալում, անհրաժեշտ տեղեկատվություն ապահովում, որպեսզի օտարերկրացի պատգամավորները ճիշտ պատկերացումներ կազմեն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի մասին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ անցյալ տարի հունիսին Եվրախորհրդարան կատարած իր այցի շրջանակներում հանդիպում է ունեցել արտաքին հարցերի հանձնաժողովում, պատասխանել Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին: Այցի ընթացքում ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են այցելել Եվրախորհրդարանի տարբեր խմբակցություններ ներկայացնող պատգամավորներ, տեղում անմիջականորեն ծանոթացել իրավիճակին եւ օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա հստակեցրել իրենց դիրքորոշումները: Նա կարեւոր համարեց ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ միջազգային կառույցների օբյեկտիվ տեղեկացվածությունը եւ երկակի ստանդարտների բացառումը: Հյուրերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը երկկողմ միջխորհրդարանական կապերի ակտիվացմամբ եւ զարգացմամբ նպաստել միջպետական հարաբերությունների խորացմանը: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Նշենք, որ նախատեսվում է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---