20 ապրիլի 2011 - 16:41 AMT
Շավարշ Քոչարյանը չի հավատում, որ Ռումինայի նախագահը կարող էր Արցախը Ադրբեջանի մաս համարել

«Չէի ցանկանա հավատալ, որ ԵՄ անդամ որեւէ պետության ղեկավար նման կողմնակալ եւ ապակառուցողական հայտարարություն կարող էր անել»,- ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, եւ այդ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:

«Եթե այդպիսի հայտարարություն իրոք արվել է, ապա դա հակադրում է միջազգային հանրության մոտեցմանը, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի դիրքորոշումներին, Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի նախարարական հանդիպումների, Աստանայի գագաթաժողովի, նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի` լ'Աքվիլայի եւ Մուսկոկայի համատեղ հայտարարություններին, որտեղ հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Առնվազն տարակուսանք կարող են առաջացնել Ադրբեջանին հաճոյանալուն ուղղված նմանատիպ հայտարարությունները»,- ասել է Շավարշ Քոչարյանը: