10 մայիսի 2011 - 16:26 AMT
ԵԱՀԿ ԽՎ ղեկավարը Հայաստանի խորհրդարանական ընդդիմության հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորումը

«Ժառանգություն» խմբակցության անդամներ Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը և ՀՅԴ խմբակցությունից Հրայր Կարապետյանն ու Լիլիթ Գրիգորյանը հանդիպել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուի հետ: Ինչպես հայտնում է «Ժառանգության» մամլո ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր, իրավիճակը շփման գծում, դատական համակարգի և ուժային կառույցների բարեփոխումներն ու այլ հարցեր: «Ժառանգության» խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը հանդիպմանն ընդգծել է, որ Արցախի ճանաչումն այլընտրանք չունի: Նա հավելել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն իրացրել է ապագաղութացման ու ինքնորոշման իր իրավունքը, ինչպես ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետությունները:

Իր հերթին Պետրոս Էֆտիմիուն կարևորեց հանդիպումները խորհրդարանական ընդդիմության հետ և ափսոսանք հայտնեց, որ հաճախ չի հաջողվում ապահովել ընդդիմության մասնակցությունը վեհաժողովի աշխատանքին: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, ապա, ըստ Էֆտիմիուի, գերակա նպատակն է խնդրի աստիճանական խաղաղ կարգավորումը, հաղորդակցության ապահովումը հակամարտող կողմերի միջև, վստահության մթնոլորտի ամրապնդումն ու դիպուկահարների ետ քաշումը շփման գծից: Նա ընդգծեց նաև, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ամենափորձառու, հեղինակավոր ու մասնագիտացած հարթակն է ղարաբաղյան խնդրի կարգավորման համար և «բոլորովին անօգուտ կլինի կարգավորման տեղափոխումն այլ ատյաններ»: