Վլադիմիր Կարապետյան. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանում կքննարկեն Ադրբեջանի նոր առաջարկները

Վլադիմիր Կարապետյան. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանում կքննարկեն Ադրբեջանի նոր առաջարկները

PanARMENIAN.Net - Ըստ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան առաջիկա այցի շրջանակներում Հայաստանի ղեկավարության հետ կքննարկեն Ադրբեջանի նոր առաջարկները: Այդ մասին նա հայտարարել է Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում:

«Հանդիպումը Կազանում ցույց տվեց, որ գործընթացն ավարտված չէ և միջնորդները շահագրգռված են, որ փաստաթուղթ ստորագրվի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին»,-ասել է նա: Այդ առնչությամբ Կարապետյանը նշեց, որ Հայաստանի նախագահն ու ԱԳՆ ղեկավարն արդեն հայտարարել են, որ պատրաստ են ստորագրել փաստաթուղթը, թեև խոստովանել են, որ դա մեր երազած փաստաթուղթը չէ: Ըստ Կարապետյանի, հայկական կողմի սխալը Կազանի հանդիպմանն այն էր, որ նրանք տեղում չարձանագրեցին Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը: Նա նաև քննադատել է հայ դիվանագետներին սեփական առաջարկները չներկայացնելու համար, այն դեպքում երբ իրենք են խոստովանում, որ փաստաթուղթն ամբողջությամբ ընդունելի չէ:

Արդյունքում, ըստ նրա, «համանախագահները Երևան կբերեն ադրբեջանական առաջարկներն ու կքննարկեն Հայաստանի ղեկավարության հետ թե որքանով են դրանք ընդունելի Հայաստանի համար»:

Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ, որովհետև Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: Ավելին, ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, և դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---