29 հունիսի 2011 - 18:18 AMT
Զարուհի Փոստանջյանը համաձայն չէ Սերժ Սարգսյանին հարց տալուց հետո իր հասցեին ուղղված քննադատության հետ

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համաձայն չէ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին տված հարցից հետո իր հասցեին ուղղված քննադատության հետ: «Բոլորովին սխալ է զուգահեռներ անցկացնել Ադրբեջանում կամ այլ երկրներում գործող ավտորիտար վարչակարգերի հետ: Մենք ժողովրդավարական պետություն դառնալու խնդիր ունենք»,- հայտնել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Փոստանջյանի խոսքով, ԵԽԽՎ-ում երկրի խորհրդարանական պատվիրակության կազմում ընդդիմադիր պատգամավորի ներկայությունը դեռևս չի նշանակում, որ երկիրն ավտորիտար չէ: Նա ընդգծել է, որ համաձայն չէ այն բանի հետ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օրինական կերպով զբաղեցնում է իր պաշտոնը, և ավելացրել, որ 1995 թվականից ի վեր Հայաստանում բոլոր ընտրությունները կեղծված են: Փոստանջյանը չի համաձայնել նաև այն կարծիքի հետ, որ ինքն արտաքին ուժեր է ներգրավում Հայաստանի ներքին գործերի մեջ: Նա ընդգծել է, որ Հայաստանը ԵԽԽՎ լիիրավ անդամ է, և այդ կազմակերպությունը կոչված է պաշտպանելու հայ քաղաքացիների իրավունքները:

Հունիսի 22-ին ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ Զարուհի Փոստանջյանը նրան առաջարկեց Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնել` նշելով, որ այժմ Հայաստանն ավտորիտար պետություն է: Նախագահ Սարգսյանն իր հերթին պատասխանեց, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինելու`դրա հետ մեկտեղ նշելով, որ հարգում է պատգամավորի կարծիքը, սակայն չի համարում, որ Հայաստանի եվրոպական գործընկերները կիսում են այն: