Ստեփանակերտում քննարկել են անբարեխիղճ մրցակցության բացահայտման հնարավորությունները

PanARMENIAN.Net - Փորձն ու հմտությունները գործընկերներին փոխանցելու նպատակով հունիսի 27-29-ը Լեռնային Ղարաբաղ էին այցելել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ՏՄՊՊՀ անդամ Հրայր Արամյանը և հանձնաժողովի փորձագետներ Հայկ Վարդանյանը և Արմեն Հովհաննիսյանը: ԼՂՀ մրցակցային մարմնի աշխատակիցների հետ համատեղ նրանք դիտանցումներ են իրականացրել Ստեփանակերտի խոշոր առևտրային կետերում՝ տեղեկացնելով, թե անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման համար հատկապես ինչ խնդիրների վրա պետք է ուշադրություն դարձնել: Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մոնիտորինգի ընթացքում բացահայտվել են օրենքի խախտման մի քանի դեպքեր: ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Հ. Արամյանը, հիմնվելով օրենքի վրա, տեղեկացրել է, թե ինչ ընթացակարգով պետք է վարույթ հարուցել նման դեպքերում և ինչպիսին պետք է լինի գործի հետագա ընթացքը:

Ընդհանուր առմամբ հանդիպման ընթացքում ՀՀ ՏՄՊՊՀ մասնագետները ԼՂՀ գործընկերներին փոխանցել են, թե ինչ կոնկրետ քայլեր պետք է իրականացվեն մրցակցային քաղաքականության, ապրանքային շուկաների ուսումնասիրության, մոնիտորինգների ճիշտ կազմակերպման և հատկապես անբարեխիղճ մրցակցության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ:

ԼՂՀ տնտեսական մրցակցության պաշտպանության և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռևս փորձառություն չունի անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման ոլորտում, այդ իսկ պատճառով ՀՀ ՏՄՊՊՀ-ի հետ նման ակտիվ համագործակցությունը օգնում է վեր հանել նաև այս դաշտում առկա մի շարք խնդիրները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---