1 հուլիսի 2011 - 12:01 AMT
Իրանցի պատգամավորը հավաստիացնում է, որ Թեհրանը միջուկային զենքի կարիք չունի

Իրանը միջուկային զենքի և միջուկային մարտագլխիկների հրթիռակիրների կարիք չունի: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Քյազիմ Ջալալին:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է Իրանի կողմից բալիստիկական հրթիռների և հակահրթիռային պաշտպանության սարքավորումների գաղտնի փորձարկումների մասին «Մեծ մարգարե-6» զորավարժությունների ժամանակ: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը հերքել է այդ տեղեկատվությունը:

«ԻԻՀ բազմիցս հայտարարել է, որ շահագրգռված չէ միջուկային զենք արտադրելու մեջ: Այս ոլորտում մեր ձեռքբերումները գաղտնի չեն»,- ասել է Ջալալին և հավելել, որ Մեծ Բրիտանիան, Իսրայելը և ԱՄՆ շահագրգռված են Իրանի դեմ հոգեբանական պատերազմում և նրա վրա ճնշում գործադրելու մեջ, հաղորդում է Trend-ը: