Լևոն Հայրապետյանը պարզաբանել է Գանձասարի պարիսպների երեսպատման պատճառը

Լևոն Հայրապետյանը պարզաբանել է Գանձասարի պարիսպների երեսպատման  պատճառը

PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը կապվել է Լևոն Հայրապետյանի հետ, ով նախաձեռնության անդամներին տեղեկացրել է, որ Գանձասարը շրջապատող պարիսպը կառուցվել է ոչ թե 13-րդ դարում, այլ 20-րդ դարի 80-ական թվականներին: Հայրապետյանի խոսքերով, ներկա պահին պարիսպն սկսել է քանդվել, ինչը կանխարգելելու համար նա որոշել է երեսպատել այն տրավերտինե (ավելի վաղ սխալմամբ նշվում էր մարմարե) սալիկներով, որոնք, այն նույն հանքից են, որտեղից 13-րդ դարում կառուցվել է Գանձասարի վանական համալիրը, գրված է նախաձեռնության ուղարկած հաղորդագրության մեջ: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր PanARMENIAN.Net ը, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանը, դեռ ս.թ. մարտ ամսին վարչությանը Արցախի հայրապետական թեմի առաջնորդարանից ստացել էր նամակ, որտեղ առաջարկվում էր այդ գաղափարը և միջոցներ տրամադրողի` ռուսաստանաբնակ մեծահարուստ Լևոն Հայրապետյանի անունը: Սարգսյանի խոսքերով վարչությունը նման թույլտվություն չի տվել, որովհետև «պարսպապատումը թույլատրման ենթակա չէ, քանի որ այն վնասում է պատմական միջավայրը»: Սարգսյանի խոսքերով վարչությունը զբաղվում է այդ հարցի կարգավորմամբ, որովհետև երեսպատումն անօրինական է արվում և նույնիսկ կարող է խոչնդոտ հանդիսանալ համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու համար:Գանձասարի վանական համալիրը շրջափակող 13-րդ դարի պարսպապատերի երեսպատման մասին աղմուկը սկսել է Facebook սոցիալական ցանցում այդ գործընթացը փաստող նկարների տեղադրումից հետո և տարածվել է բլոգերների շրջանակներում: Այն արվեստասերների շրջանակներում արժանացել է բազմաթիվ դժգոհությունների և բացասական կարծիքների: Facebook-ում կա նաև հարցում, որտեղ երկու օրերի ընթացքում 1090 մարդ դեմ է արտահայտվել պարսպի երեսպատմանը, իսկ 11 մարդ` կողմ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---