Ադրբեջանական սադրանքի արդյունքում ձախողվել է Ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 13-րդ առաջնությունը

Ադրբեջանական սադրանքի արդյունքում ձախողվել է Ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 13-րդ առաջնությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-31-ը Բաթումում (Վրաստան) տեղի ունեցած Ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 13-րդ առաջնությունն ավարտվեց սկանդալով: Ադրբեջանական պատվիրակությունը, տեսնելով, որ հայկական թիմերից մեկի («ԴԱՖ») շապիկների վրա պատկերված է նրանց հովանավոր «Արցախ-Ալկո» ընկերության գովազդը, առաջնության առաջին իսկ օրվանից սկսեցին բողոքներով դիմել կազմակերպիչներին՝ պահանջելով արգելել հայկական թիմին ելույթ ունենալ այդ շապիներով:

Մինչդեռ, «ԴԱՖ»-ը ազատ ելույթ է ունեցել այդ նույն շապիկներով նախորդ աշնանն Իսրայելում կայացած աշխարհի առաջնությունում և այն ժամանակ նման պահանջներ չեն եղել»: Երբ կազմակերպիչներն առաջարկեցին պատվիրակություններին քաղաքականությամբ չզբաղվել և շարունակել խաղը, ադրբեջանական պատվիրակյութան մի մասը հայտնի գիտակ Բալաշ Կասումովի գլխավորությամբ հուլիսի 31-ին դուրս եկան «բրեյն-ռինգի» սադրիչ շապիկներով, որոնց վրա գրառում կար. «Հայաստանի Հանրապետության տարածքը Ադրբեջանին պատկանելու մասին՝ Էրիվանի խանություն»: Հայկական պատվիրակության բողոքի և կազմակերպիչների հետ տևական բանակցությունների արդյունքում կազմակերպիչները ստիպված էին չեղյալ հայտարարել «բռեյն-ռինգը»: «Ցավոք, ադրբեջանական կողմը, մոռանալով թե ինչ նպատակով է եկել առաջնության, մասնավորապես, խաղի մասին, սկսել է բացահայտորեն զբաղվել քաղաքական հարցերով և հաղթահարել սեփական բարդույթները խաղի միջոցով»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը: Ըստ նրա, հայկական պատվիրակությունը կարողացավ հասնել նրան, որ ադրբեջանցի խաղացողները չնստեն խաղասեղանների մոտ այդ շապիկներով:

Քոչարյանն ասել է, որ բացի այդ, հայկական պատվիրակությունն ի դեմս բոլոր 14 թիմերի ավագների, միաձայն որոշեց հեռանալ առաջնությունից: «Հայկական կողմը գտավ, որ Հարավային Կովկասի առաջնությունը կորցրեց իր իմաստը՝ այն է, ժողովրդների բարեկամության ամրապնդում, ոգևորություն խաղով, և լքեց առաջնությունը, հավանաբար, հետագայում ևս հրաժարվելով Հարավային Կովկասի առաջնություններին մասնակցելուց, եթե դրանք անցնեն նույն ձևաչափով»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է կազմակերպիչների՝ վրացական կողմի արձագանքին, ապա, ըստ Քոչարյանի, «դեռ արձագանք չկա, բոլորը դեռևս շոկի մեջ են»: «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահը նշել է, որ վշտացած է, որ ամեն ինչ այդպես ստացվեց, սակայն, նշել է նաև, որ հայկական պատվրրակությունը երեք օր շարունակ ամեն ինչ արեց, որպեսզի չպատասխանի ադրբեջանական կողմի սադրանքներին ու չտապալի այդքան դժվարությամբ կազմակերպված առաջնությունը: «Չէ որ հայտնի է, որ Վրաստանում ռուսերեն լեզվով ինչ-որ բան կազմակերպելու համար, ընդ որում հայկական ու ադրբեջանական թիմերի մանսակցությամբ, մեծ խնդիր է: Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ ամեն ինչ այդպես ստացվեց»: Նախագահը հավելել է նաև, որ անցած առաջնությունը ցույց տվեց, որ թիմերի առավելագույն մասնակցության ձևաչափը չի աշխատում: «Գալիս են թիմեր, որոնց մի մասի համար Հարավային Կովկասի առաջնությունն իրենց ցույց տալու հնարավորություն է: Շատերը կարծում են, որ շփման գծում են, ոչ թե խաղի են մասնակցում՝ սեփական բարդույթները հաղթահարելով խաղի հաշվին: Երիտասարդությունը, հատկապես Ադրբեջանից, չի հասկանում, թե ինչու է գալիս»,-նշել է նա:

Ինչ վերաբերում է հայկական կողմի պատասխան քայլերին, ապա, ըստ Քոչարյանի, հայկական կողմն այժմ դիմում է պատրաստում, հասցեագրված ԱԳՆ-ին, Ակումբների միջազգային ասոցիացիայի հանձնաժողովին, ինսչպես նաև հավանաբար ՀՀ-ում Իրանի դեսպանատանը, քանի որ նշված շապիկները կրող ադրբեջանցիների լուսանկարները շոշափում են նաև Իրանի շահերը» (Էրիվանի խանությունը 1604-1828թթ. մտնում էր Իրանի կազմի մեջ, ոչ թե Ադրբեջանի՝ խմբ.): Քոչարյանը նշել է, որ Ակումբների միջազգային ասոցիացիան զրկեց նախորդ տարի Ստեփանակերտում կայացած Հայաստանի առաջնությունը լիցենզիայից՝ պատճառաբանելով, թե առաջնության ժամանակ և դրանից հետո ինտերնետում քննարկում է ծավալվել, որի արդյունքում լարվածություն է առաջացել, և որոշման մեջ ասվում է, որ խաղը նպաստում է ժողովրդների միջև բարեկամության ամրապնդմանը, իսկ Հայաստանի առաջնությունն Արցախում խանգարեց դրան: «Ես կարծում եմ, որ Ակումբների միջազգային ասոցիացիան իր մեջ ուժ կգտնի խոստովանելու, որ Հարավային Կովկասի վերջին առաջնությունը շատ ավելի լրջորեն խախտեց այդ կանոնները»,-հավելել է նա:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---