Ահմադինեժադը վստահ է, որ «արաբական ախտանիշն» Իրանին չի սպառնում

Ահմադինեժադը վստահ է, որ «արաբական ախտանիշն» Իրանին չի սպառնում

PanARMENIAN.Net - Իրանում տեղ գտած իրադարձությունները ոչ մի ընդհանուր բան չունեն ներկայումս արաբական երկրներում կատարվող դեպքերի հետ, Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: «Այն, ինչ տեղի է ունեցել Իրանում, նման չէ որոշակի երկրներում կատարվող իրադարձություններին,- ասել է Ահմադինեժադը` պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք Իրանում կարող է կրկնվել «արաբական գարունը»: - Նախագահական ընտրություններն Իրանում բացարձակ ազատ էին: Սակայն հարձակումները շենքերի և ավտոմեքենաների վրա օրենքով արգելված են ցանկացած երկրում: Դրա վրա առաջին հերթին ուշադրություն են դարձնում ոստիկանությունն ու դատական համակարգը»:

Ահմադինեժադի խոսքով, Իրանի կառավարությունը ցավում է, որ որոշ երկրների առաջնորդներն այնքան վատ հարաբերություններ ունեն իրենց ժողովրդի հետ, որ դա հանգեցնում է նման արդյունքների: «Ես հիասթափված եմ համաշխարհային կարգերից, որոնք որոշ կառավարություններ ժողովրդից այն աստիճանի են հեռացնում, որ մարդիկ ազատության որոնումներում ստիպված են իրենց առաջնորդների հանդեպ դատ պահանջել»,- ասել է նա:

Իրանական ընդդիմադիրներների` տնային կալանքում գտնվող առաջնորդներ Միր-Հոսսեյն Մուսավիի և Մեհդի Քարրուբիի ճակատագրի մասին հարցին Ահմադինեժադը պատասխանել է, որ «բանտեր կան ցանկացած երկրում»: «Բանտեր կան ամենուրեք: Այդ մարդիկ խնդիրներ ունեն օրենքի հետ: Իրանում դատական համակարգն անկախ է գործում, և ես իրավունք չունեմ միջամտելու դատավարությանը: Գոյություն ունեն կանոններ, որոնցով հնարավոր է փոխգործակցել դատական համակարգի հետ»:

2009 թվականին Թեհրանում հզոր ընդդիմադիր ալիք բարձրացավ հունիսի 12-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո: Ընտրություններում հաղթանակ տարավ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, և պարտված թեկնածուներից մեկը` Միր-Հոսսեյն Մուսավին, իշխանությանը մեղադրեց քվեարկության արդյունքները կեղծելու մեջ և ժողովրդին կոչ արեց բողոքի ցույցեր անցկացնել: Պաշտոնական տվյալներով, բախումների արդյունքում սպանվեց 20 մարդ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` 150: Ձերբակալվեցին 1032 ցուցարարներ, որոնց մեծամասնությունը հետագայում ազատ արձակվեց:

2011թ. փետրվարի կեսերին Թեհրանում և իրանական այլ քաղաքներում ցույցեր կայացան` ի օժանդակություն Եգիպտոսի և Թունիսի ժողովուրդների: Նույն ժամանակ իրանական ընդդիմադիրներների առաջնորդներ Մուսավին և Քարրուբին տնային կալանքի ենթարկվեցին: Իրանի նախկին նախագահ Մոհամմեդ Հաթեմին նույնպես տնային կալանքի մեջ է, ինչպես և երկրի ներքին գործերի նախկին նախարար Աբդուլլահ Նուրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---