ԱՊՊԱ-ն կրկնակի կթանկանա ավտոճանապարհային պատահարներում հայտնված վարորդների համար

ԱՊՊԱ-ն կրկնակի կթանկանա ավտոճանապարհային պատահարներում հայտնված վարորդների համար

PanARMENIAN.Net - 2013 թվականից ԱՊՊԱ պայմանագրի արժեքի որոշման ժամանակ հաշվի կառնվի վարորդի ռիսկայնության գործոնը: Սակայն այդ մասին հասարակությունը և վարորդների գերակշիռ մեծամասնությունը իրազեկված չեն կամ էլ ունեն կցկտուր տեղեկություններ:

PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձեց հենց ապահովագրական ընկերություններից պարզել, թե ինչ է նշանակում վարորդի «ռիսկայնություն» և ինչ ազդեցություն կարող է ունենալ այն ԱՊՊԱ պայմանագրի գնի վրա:

«Նաիրի ինշուրանս» ընկերությունից պատասխանեցին, որ այդ տեղեկությունը սխալ է և նման գործոն չկա. հավելավճարներ չեն գանձվում անգամ վթարի դեպքում: Մի քանի րոպե անց հեռախոսավարն ավելացրեց, որ գուցե նման ծրագիր լինի 2013 թվականից, սակայն դա դեռ հստակ չէ: «Ինգո Արմենիա» և «ՌԱՍԿՈ» ընկերություններից նույնպես պատասխանեցին, որ առայժմ այդպիսի տեղեկատվություն չունեն:

«Փոփոխություններ կարող են լինել, եթե հրահանգ լինի Կենտրոնական բանկից կամ Ապահովագրողների բյուրոյից: Դեռ այդպիսի բան չկա»,- ասաց «ՌԱՍԿՈ» ընկերության աշխատակիցը:

Միայն «Կասկադ ինշուրանս» ընկերությունում հանգամանորեն բացատրեցին, թե ինչ է նշանակում «վարորդի ռիսկայնություն»:

«2013 թվականի հունվարից կներդրվի «Բոնուս-Մալուս» համակարգը, որն իրենից ներկայացնում է վարորդի ռիսկի գնահատման մեխանիզմ, որի միջոցով փոփոխության է ենթարկվում ապահովագրավճարը` կախված տվյալ ապահովագրական պայմանագրի գծով գրանցված և այդ պայմանագրի կնքմանը նախորդող որոշակի ժամանակահատվածի ապահովագրական պատահարների պատմությունից»,- մանրամասնեց «Կասկադ ինշուրանս»-ի աշխատակիցը:

Այլ կերպ ասած` «Բոնուս-Մալուսը» թույլ է տալիս ստեղծել այնպիսի պայմաններ, երբ կարգապահ վարորդը վճարում է ավելի քիչ, իսկ ռիսկային վարորդները` ավելի շատ: Այն ապահովադիրներին բաշխում է ըստ ռիսկայնության տարբեր դասերի, որոնցից յուրաքանչյուրին համապատասխանում է որոշակի գործակից: Այդ գործակցի մեծությունից էլ կախված է լինում ապահովագրավճարի փոփոխության չափը: «Կասկադ ինշուրանս»-ի աշխատակցի խոսքերով` պայմանագրի արժեքը կարող է թանկանալ անգամ կրկնակի:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի համաձայն 2011թ. հունվարի 1-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր պետք է ունենան բոլոր անիվավոր տրանuպորտային միջոցները: Պայմանագրերի արժեքը փոփոխվում է` կախված մեքենայի հզորությունից, արտադրման տարեթվից, վարորդի փորձառությունից և մի շարք այլ գործոններից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---