Աղանդները հարձակվում են, եկեղեցին չի պաշտպանվում

Աղանդները հարձակվում են, եկեղեցին չի պաշտպանվում

PanARMENIAN.Net - Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեց տեսանյութ, որի «հերոսը»` աղանդավորական շարժումներից մեկի «հոգևոր հովիվը» մտախավարման էր հասցնում դահլիճում նստածներին: Ընդ որում, նա դա անում էր ձեռքի մի հպումով` մարդկանց գցելով հոգեխանգարման մեջ: Ներկայացվող կադրերը հստակեցնում են` աղանդները վտանգավոր են ոչ միայն պետականության ամրության ու կայունության համար, ոչ միայն ընտանիքներ են քայքայում, այլև մեծագույն չարիք են այդ շարժումների մեջ ներգրավված յուրաքանչյուր մարդու համար:

2 շաբաթ առաջ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը ներկայացրել է առողջապահության նախարարության տրամադրած տվյալները, որոնց համաձայն գրանցվել է 150 դեպք, երբ հոգեկան շեղում ունեցող անձը շփվել է աղանդավորական կազմակերպությունների հետ: 150` ըստ պաշտոնական աղբյուրների: Իսկ իրականո՞ւմ:

Վերոնշյալ տեսանյութից պարզ է դառնում, որ աղանդավորների հավաքներին մասնակցողների, ընդ որում` ոչ միայն որոշակի բարդություններ ու անձնական խնդիրներ ունեցողների, այլև առողջ բանականությամբ մարդու համար բավական դժվար կլինի պահպանել մտքի սթափությունն ու առողջ դատելու կարողությունը: Նման էյֆորիկ վիճակում հայտվելուց հետո մարդիկ պարբերաբար մասնակցում են աղանդավորների ժողովներին` «աստվածային երանությունը» կրկին վայելելու, վերապրելու համար:

«Խղճի և կրոնական ազատությունների մասին» օրենքի 7-րդ հոդվածն ասում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեորսությունը»: Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ տեսանյութի հերոս «հոգևոր հովվի» գործողությունները հոգեորսություն են: Կամ անգամ եթե այդ գործողությունները չորակենք որպես հոգեորսություն, արդյո՞ք դրանք ինքնին քաղաքացու առողջությանը վնասող հանցանք չեն` ուղղված մարդու ներաշխարհը քայքայելուն ու նրան կախման մեջ գցելուն:

Հայաստանի Հանրապետությունում չկան հստակ սահմանումներ ու չափորոշիչներ կրոնական կազմակերպությունների գրանցման հարցում, չկա ստուգիչ ու փորձագիտական հանձնաժողով, որը կտա համապատասխան եզրակացություն` արդյոք այդ կազմակերպության գործունեությունը հակաօրինական ու վտանգավոր չէ մարդկանց առողջության ու հոգեկան աշխարհի համար: Չկա նաև քրեորեն պատժելի «հոգեորսություն» եզրույթի սահմանումը, ինչը հավելյալ բարդություններ է ստեղծում հանցավոր աղանդավորական շարժումների ներկայացուցիչներին օրենքի սահմաններում պատժելու, նրանց գործունեությունը Հայաստանի տարածքում արգելելու համար:

Իսկ ինչո՞վ է զբաղված Հայ Առաքելական եկեղեցին: Մամուլում օրեցօր շատանում են տեղեկությունները վանքապատկան հողերում կառուցվող «ուտուշ-խմուշի» վայրերի մասին (օրինակ` դրանցից մեկի համաձայն, Ծաղկաձորի Կեչառիս համալիրի հարևանությամբ սկսվել է նմանատիպ օբյեկտի շինարարություն): Առաքելական եկեղեցու հայրերն ասում են` Առաքելական եկեղեցին չի ընկնում դռնեդուռ. այն բաց է բոլորի համար և սպասում է` երբ իր հետևորդներն ինքնակամ կգան ու կհամախմբվեն իր շուրջ: Բայց արդյո՞ք նման դեպքերում էլ պետական եկեղեցին` դարեդար հայերին միավորող կառույցը, պետք է շարունակի մնալ չեզոք դիրքում:

Տեսանյութը արդեն մի քանի օր է համացանցում է, ու շատերը խոսում են այդ մասին: Շատերը, բայց ոչ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը, ոչ Հայ Առաքելական եկեղեցին, ոչ իշխանական լծակներ ունեցողները...

Հոկտեմբերի 12-21-ը անցկացվելիք մարդահամարի ժամանակ առաջին անգամ կհաշվառվի կրոնական տարբեր կազմակերպություններում ներգրավված մարդկանց քանակը, ու պարզ կդառնա, թե Հայաստանի բնակչության որ մասն է կանգնած հոգեկան շեղում ստանալու վտանգի առջև: Թերևս դրանից հետո միայն, երբ ավելի հստակ կերևա աղանդների տարածվածության ահասարսուռ պատկերը, իշխանությունն ու Եկեղեցին կդիմեն քայլերի…

Քրիստինե Քյուրքլյան
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---