15 օգոստոսի 2011 - 16:52 AMT
Հայաստանում Մեծ Բրիտանիայի միանգամից երկու դեսպան է նշանակվել

Մեծ Բրիտանիան իր երկրի նոր դեսպաններին է նշանակել Հայաստանում: Ինչպես հաղորդում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամլո ծառայությունը, պ-ն Ջոնաթան Ջեյմս Էյվսը և տ-ն Քեթրին Ջեյն Լիչը (ամուսնական զույգ) նշանակվել են Հայաստանի Հանրապետությունում Նորին Մեծության համատեղ դեսպաններ` հաջորդելով Չարլզ Ջոն Լոնսդեյլին, ով կանցնի դիվանագիտական մեկ այլ աշխատանքի: Էյվսն ու Լիչը կստանձնեն իրենց պաշտոնը 2012 թվականի հունվարին: Նրանց մշտական նստավայրը կլինի Երևանը, իսկ դեսպանի պաշտոնը նրանք կկատարեն 4-ամսյա հերթագայությամբ:

Պ-ն Էյվսը աշխատում է ՄԹ Արտաքին գործերի նախարարությունում 1996 թվականից, իսկ տ-ն Լիչը՝ 2000-ից: Դրանից առաջ նրանք աշխատել են գիտական ասպարեզում և հասարակական կարծիքի հետազոտման ոլորտում: Նրանք երկարամյա փորձ և գիտելիք ունեն Հարավային Կովկասի և տարածաշրջանի պատմության, լեզուների և մշակույթի վերաբերյալ: ՄԹ Արտաքին գործերինախարարությունում աշխատելու ընթացքում նրանք զբաղվել են քաղաքականության տարբեր հարցերով, այդ թվում անվտանգության քաղաքականություն, ԵՄ առևտրային հարաբերություններ և զարգացում,էներգետիկ անվտանգություն և մարդու իրավունքներ: Վերջերս նրանք համատեղ աշխատել են Տոկիոյում, ուր պ-ն Էյվսը համակարգել է ՄԹ քաղաքականությունը 2008-ին Մեծ Ութնյակում Ճապոնիայի նախագահության օրոք, իսկ տ-ն Լիչը համակարգել է ՄԹ և Ճապոնիայի դիրքերը Կանկունում ՄԱԿ-իԿլիմայի փոփոխության գագաթաժողովին ընդառաջ, ինչպես նաև աշխատել է բրիտանական և ճապոնական ընկերությունների հետ՝ խրախուսելու ցածր ածխածնային արտադրությունը: 2011-ին պ-ն Էյվսը ներկայացրել է Միացյալ թագավորությունը ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների խորհրդում Լիբիայի,Սիրիայի և Իրանին վերաբերող հարցերում: