30 օգոստոսի 2011 - 12:14 AMT
TEDxYerevan 2011-ը կանցկացվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում

Սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալիք 2-րդ TEDxYerevan անկախ կազմակերպվող միջոցառումը կանցկացվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց TEDxYerevan 2011-ի լիազորված կազմակերպիչ Քրիստինե Սարգսյանը։

Քրիստինե Սարգսյանի խոսքով TEDxYerevan 2011-ի խոսնակների անունները դեռ հայտնի չեն, քանի որ այժմ նրանց հետ աշխատում է կազմակերպիչների թիմը։

«Մենք ինքներս ենք հրավիրում խոսնակների կամ մեզ դիմում են։ Եթե մարդը համապատասխանում է TED-ի ֆորմատին, սկսում ենք աշխատել նրա հետ։ Կան մարդիկ, ովքեր իրոք ասելու ներկայացնելու բան ունեն, սակայն չեն տիրապետում հռետորության արվեստին, լինում է և հակառակը։ Յուրաքանչյուր խոսնակի հետ հանդիպում ենք 6-ից 7 անգամ, ասում մեր կարծիքը, ինչպես խոսեն և այլն»,- նշեց Քրիստինե Սարգսյանը։

Ըստ Քրիստինե Սարգսյանի TEDxYerevan-ն ունի 300 մասնակցի համար լիցենզիա, սակայն դեռ պարզ չէ, թե քանիսին կհրավիրի։

«Մենք մաքսիմալ կօգտագործենք լիցենզիայի պոտենցիալը։ TEDx-ը միայն հրավերով միջոցառում է։ Մենք հրավիրում ենք այն մարդկանց, ովքեր մեր կարծիքով խոսնակների ելույթներից շատ բան կսովորեն, կվերցնեն ու կօգտագործեն և հաջորդ տարվա համար կարող են լինել պոտենցիալ խոսնակ»,- ասաց Քրիստինե Սարգսյանը։

TEDxYerevan 2011-ի գործընկերն է Civilitas հիմնադրամը։

Միջոցառումը տեղի է ունենալու «Երիտասարդանալով» կարգախոսով և կենտրոնանալու է երիտասարդության և հասունության հասկացման վրա։ TEDxYerevan2011-ն ավարտվելու է «Քսան» հատուկ բաժնով, որին մասնակցելու են առավել ստեղծարար խոսնակները:

Տեխնոլոգիաներին, արվեստին ու դիզայնին նվիրված TEDx ակախ կազմակերպվող միջոցառումն առաջին անգամ տարածաշրջանում տեղի է ունեցել Երևանում: TEDxYerevan 2010-ին ելույթ են ունեցել 17 խոսնակ Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից ու Քուվեյթից, ներկայացնելով իրենց գաղափարներն ու փորձը: TEDx-ը ամերիկյան TED (Technology Entertainment Design հիմնադրամի ոչ պաշտոնական ծրագիրն է: 1984թ. ի վեր հիմնադրամը ամենամյա խորհրդաժողովներ է անցկացնում, որտեղ նույն բեմում հավաքվում են գիտնականներ, քաղաքական գործիչներ, ձեռներեցներ, նկարիչներ, երաժիշտներ, ինժեներներ: