1 սեպտեմբերի 2011 - 17:30 AMT
Տիգրան Համասյանը և Տրիլոկ Գուրտուն Լոնդոնում ելույթ կունենան համատեղ համերգով

Սեպտեմբերի 24-ին հայտնի ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը Լոնդոնի Queen Elizabeth համերգասրահում համերգ կտա աշխարհի լավագույն պերկուսսիոնիստներից մեկի` Տրիլոկ Գուրտուի հետ, հայտնում է Music of Armenia ընկերությունը: Համերգը նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Բացի դրանից, Տիգրան Համասյան Սոլո Տրիոն (Տիգրան Համասյան - դաշնամուր, Սամ Մինայե - բաս, Արի Հոենիգ - հարվածայիններ) սեպտեմբերին համերգներ կտա Երևանում, Գյումրիում և Ստեփանակերտում:

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև ընդունվել Պ. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարան: Կարճ ժամանակ անց Համասյանը տեղափոխվել է Նյու Յորք:

1998-ին Երևանյան առաջին ջազ փառատոնում 11-ամյա Տիգրան Համասյանը հայտնություն դարձավ ջազային հանրության համար։

Միայն 2003-ին արժանացել է տարբեր կարգի մրցանակների 5 մրցույթներում, մասնավորապես՝ 3-րդ տեղը Փարիզի ջազ-դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին տեղը Jazz a Juan Revelations-ում, Montreux Jazz Solo Piano Competition-ում, երրորդ տեղը Ջազ-դաշնակահարների մոսկովյան առաջին միջազգային մրցույթում, առաջին տեղը` Մոնակոյի ջազ-դաշնակահարների մրցույթում: 2004-ին լույս է տեսել Տիգրան Համասյանի դեբյուտային ալբոմը` ձայնագրված WORLD PASSION քառյակի հետ: 2008-ին` Նյու Յորք տեղափոխվելուց առաջ, ARATTA REBIRTH խմբի հետ ձայնագրել է “Red Hall” կոչվող ալբոմը: Ներկայում Տիգրան Համասյանը հանդես է գալիս ջազի համաշխարհային աստղերի հետ, գրում և ձայնագրում է նոր ստեղծագործություններ, հրավերներ ստանում աշխարհի լավագույն ջազ փառատոններից և համերգներով հանդես գալիս աշխարհի տարբեր երկրներում: