Ո՞վ է պատասխանատու մեքենաների քաղցկեղածին և մուտանտածին արտանետումների համար

Ո՞վ է պատասխանատու մեքենաների քաղցկեղածին և մուտանտածին արտանետումների համար

PanARMENIAN.Net - Երևանի փողոցներում ամեն օր կարելի է անգամ անզեն աչքով նկատել տասնյակ մեքենաներ, որոնք սև ամպեր են արձակում՝ անհնարին դարձնելով նորմալ շնչառությունը։ Ողջ աշխարհում բնապահպանները շարունակում են բարձրաձայնել, որ օզոնի շերտն արդեն իսկ վնասված է, և մթնոլորտը պետք է փայփայել: Միջազգային հանրությունը այս մասին ընդունել է մի շարք կոնվենցիաներ, որոնցից շատերը ՀՀ-ն վավերացրել է:

«Մեքենաներից մթնոլորտ արտանետվող գազերի հիմնական վնասակար բաղադրիչը CO-ն է։ Ներթափանցելով մարդու օրգանիզմ՝ այն խանգարում է օրգանների թթվածնի մատակարարումը։ Վտանգավոր են նաև արոմատիկ ջրածնային միացությունները, որոնք քաղցկեղածին ու մուտանտածին են», - PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը։ Նա նշեց, որ Երևանի մթնոլորտ արտանետվող թունավոր գազերի 53-57 տոկոսը բաժին է ընկնում ավտոտրանսպորտային միջոցներին։ Բնապահպանը նշում է՝ գլխավոր վտանգն այն է, որ եթե մթնոլորտը շարունակի նույն տեմպերով աղտոտվել, Երևանը շուտով կպատվի թունամշուշով։

Բժիշկները պնդում են, որ մթնոլորտ արտանետվող գազերի բաղադրության մեջ պարունակվող ազոտի օքսիդները 10 անգամ ավելի վտանգավոր են, քան CO-ն։ Այդ արտանետվող գազերում առկա են կապար, քլոր, բրոմ և այլն։ Այդ գազերը չափազանց վտանգավոր են մարդու առողջության համար: Նրանք կարող են հանգեցնել իմունային անբավարարության, նպաստել հայմորիտի, բրոնխիտի, բրոնխոպնևմոնիայի, թոքերի քաղցկեղի և սրտանոթային համակարգի տարբեր խանգարումների առաջացմանը։

Մեր օրենսդիրներն այսքանը «շատ լավ» հասկանում են և 2005 թվականին ընդունել են ՀՀ «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքը։ Այն սահմանում է, որ բնապահպանության պետական տեսուչները պետք է արձանագրեն ավտոտրանսպորտային միջոցների կողմից բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերը, վերահսկեն, որ տեղադրված լինեն մթնոլորտն աղտոտող արտանետումների մաքրման սարքեր, հետևեն ավտոտրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում մթնոլորտն աղտոտող նյութերի համար սահմանված նորմատիվների պահպանմանը և իրականացնեն մի շարք այլ գործառույթներ:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունում աշխատում է 145 տեսուչ, որոնց ամսական միջին աշխատավարձը կազմում է 80 հազար դրամ: Սակայն, այդ տեսուչները ընդհանրապես չեն զբաղվում մեքենաներով և տրանսպորտային միջոցների արտանետումներով:

Տեսուչները կան, բայց չկա համապատասխան նորմատիվ ակտը, որը թույլ կտար տեսչությանն իրականացնելու իր լիազորությունները տվյալ ոլորտում: Հարցը նրանում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ մեքենաներից մթնոլորտային օդ արտանետվող վնասակար նյութերի չափման նպատակով ավտոմեքենաների կանգնեցումը պետք է կատարվեր Ոստիկանության պետի և բնապահպանության նախարարի կողմից համատեղ ընդունված հրամանով: Սակայն դեռևս 2006 թվականին ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հրամանի նախագծի ստորագրումը նպատակահարմար չի գտնում: Այսպիսով՝ ոչ ոք չի վերահսկում և ոչ ոք պատասխանատու չէ մեքենաներից մթնոլորտ արտանետվող այդքան վնասակար նյութերի համար։

Իսկ յուրաքանչյուր մեքենայի տեր ամեն տարի մուծում է բնապահպանական վճար, որը կախված է մեքենայի մակնիշից և արտադրման տարեթվից և կազմում է 375-ից մինչև 15000 դրամ։

Ստացվում է, որ ՀՀ պետբյուջեից ամսական 80 հազար դրամ ստացող 145 տեսուչները չեն կատարում օրենքով սահմանված իրենց պարտականությունները, քանի որ ՀՀ ոստիկանությունը դա նպատակահարմար չի գտնում: Եվ անհայտ թվով մեքենաների տերերն էլ պարզ չէ, թե ինչի համար են տարեկան մուծում բնապահպանական վճարը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---