Երևանում քննարկել են տարբեր պետական կառույցներում բռնության խնդիրները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին Երևանում քննարկել են ՀՀ մասին խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին Եվրոպական կոմիտեի զեկույցը (CPT) և ՄԻՊ գործունեությունը որպես Ազգային կանխարգելիչ մեխանիզմ: Ինչպես միջոցառման ժամանակ հայտարարել է «Բաց հասարակության հիմնադիրներ-Հայաստան» նախաձեռնության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, նման քննարկումները հնարավորություն են տալիս բարձրացնել նշված խնդիրների քննարկումները նոր մակարդակի: Ըստ նրա, այս քննարկումների շուրջ կարող են միավորվել տարբեր ՀԿ-ների ու կառույցների ներկայացուցիչներ և միասին աշխատել տարբեր բաց և փակ կառույցներում բռնության կանխարգելման ուղղությամբ:

Իր կողմից Counterpart International կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ալեքս Սարդարը անընդունելի է համարել այն, որ մի երկրում, որի ժողովուրդը Ցեղասպանություն է վերապրել, բռնություն կա: «Եթե բանակում չեն կարող ապահովել զինվորի անվտանգությունը, եթե ժողովուրդը չի վստահում պետական կառույցներին կամ եթե իրավապաշտպան կազմակերպությունները չեն կարող համագործակցել այդ հարցում, ապա այն անիմաստ է քննարկել»,-ասել է նա՝ հավելելով, որ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն այդ երևույթները կասեցնելու համար: «Այդ քննարկումները այն մասին չեն, որ քաղաքացիական հանրությունը դեմ է դուրս գալիս կառավարությանը, կամ հակառակը: Այդ քննարկումների նպատակն է արժանապատիվ կյանք ապահովել մարդկանց համար այս երկրում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---