Իսրայելն անպատասխան չի թողնի Թուրքիայի քայլերը, գտնում է թուրքագետը

Իսրայելն անպատասխան չի թողնի Թուրքիայի քայլերը, գտնում է թուրքագետը

PanARMENIAN.Net - Իսրայելն անպատասխան չի թողնի Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Լևոն Հովսեփյյանը: «Ակնկալվում է Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի այցն ԱՄՆ, որտեղ նա նաև կհանդիպի հայկական կառույցների ներկայացուցիչների հետ: Ըստ իս, դա շատ բանի մասին է վկայում»,-ասել է Հովսեփյյանը: Ըստ նրա, Երուսաղեմը Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրելու շատ լծակներ ունի, որից ամենակարևորը քրդական հարցն է: «Ցեղասպանության ու քրդերի հարցը հիմնական հաղթաթղթերը կլինեն, որոնց միջոցով Իսրայելը կփորձի ճնշում գործադրել Թուրքիայի հանդեպ»,-ասել է փորձագետը:

Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունների վատթարացման պատճառով Իսրայելն ու Թուրքիան փոխում են վերաբերմունքը նաև այլ երկրների հարցում: «Օրինակ, Իսրայելը սկսել է ռազմական հարաբերություններ հաստատել Կիպրոսի ու Հունաստանի հետ, իսկ Թուրքիան՝ Եգիպտոսի»,-ասել է նա: Անդրադառնալով այն հարցին, թե ռազմական բախման դեպքում ում կողմից կլինի ԱՄՆ-ն, Լևոն Հովսեփյյանն ասել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի երկրների միջև հակամարտություն չլինի:

Իր հերթին ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ նույնիսկ եթե ռազմական բախում լինի, Ամերիկան կփորձի անել այնպես, որ այն ծագի անմիջապես Իսրայելի ու Թուրքիայի միջև: «Օրինակ, սցենարը կարող է լինել այնպիսին, որ հակամարտություն է առաջանում Եգիպտոսի ու Իսրայելի միջև, իսկ Թուրքիան կսատարի Եգիպտոսին»,-ասել է նա:

Իսրայելի ԶԼՄ-ները տարածել են տեղեկատվություն Իսրայելի ԱԳՆ ծրագրի մասին՝ ի պատասխան Թուրքիայի «ագրեսիվ քաղաքականություն»:

Ծրագիրը կազմված է մի քանի փուլերից, որոնցից առաջինն իսրայելցիների համար նախազգուշացումների հրապարակումն է, ովքեր ցանկանում են մեկնել Թուրքիա:

ԱԳՆ ծրագրի երկրորդ փուլը ներառում է համագործակցություն թուրքերի պատմական ախոյանների` հայերի և քրդերի հետ: Ըստ ունեցած տվյալների, Լիբերմանը պատրաստվում է ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ հանդիպել տեղի հայկական լոբբիի առաջնորդների հետ: Նախարարը պլանավորում է հանդիպումներ անցկացնել Եվրոպայում քրդական ընդհատակի ղեկավարության հետ` նրանց հետ բոլոր մակարդակներում կապերն ամրապնդելու նպատակով, մասնավորապես, ռազմական օգնության հարցերում: Լիբերմանի պլանի վերջին փուլը ենթադրում է վերահսկողության հաստատում և արագ արձագանք, հատկապես միջզագային ատյաններին իրազեկում Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտման ցանկացած դեպքի ժամանակ: Թուրքական ռազմական հրամանատարությունը մշակել է նոր ռազմածովային ռազմավարություն, որը կոչվում է «Բարբարոսայի գործողություն` Էգեյան վահան»: Այս ռազմավարության շրջանակներում թուրքական նավատորմը հեռացնելու է ուժերի մի մասը Սև և Մարմարի ծովերից և ուղորդելու է Միջերկրական ծովի արևելյան շրջան: Անկարան զգալի ուժեր է հավաքելու Կիպրոսի և Իսրայելի ափերի մոտ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---