Օպերլիազորը պետությանն ու «Արմենտել» ՓԲԸ-ին պատճառել է շուրջ 15 մլն դրամի վնաս

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 1-ին վարչության 3-րդ բաժնի օպերլիազորի կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ Դատախազությունից տեղեկացնում են, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 1-ին վարչության 3-րդ բաժնի օպերլիազորը, չունենալով համապատասխան պետական գրանցում եւ հաշվառում, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի լիցենզիա եւ համապատասխան պայմանագիր, իրականացրել է լիցենզավորման ենթակա միջազգային զանգերի տերմինացիա:

Մասնավորապես` նախաքննության տվյալներով օպերլիազորը 2009 թվականից աշխատել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 1-ին վարչության 3-րդ` բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում: Լինելով համակարգչային մասնագետ եւ աշխատանքի բնույթից ելնելով տիրապետելով միջազգային զանգերի տերմինացիա իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքների` 2010թ. փետրվարի 12-ից մինչեւ 2011թ. ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է լիցենզավորման ենթակա միջազգային զանգերի տերմինացիա`առանց գրանցվելու եւ «Արմենտել» ՓԲԸ-ի հետ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի փոխկապակցման ծառայությունների մատուցման համար համապատասխան պայմանագրի:

Այդ նպատակով 2010թ. սկզբներին ձեռք է բերել միջազգային զանգերի տերմինացիա իրականցնելու համար համացանցի հասանելիությամբ ապահովված «VoIP» եւ «GSM» ցանցերի միակցիչ հանգույց, այլ անհրաժեշտ սարքավորումներ ու բջջային հեռախոսաքարտեր: Օպերլիազորը միջազգային մուտքային հեռախոսազանգերը նշված սարքավորումներով փոխակերպել է տեղական միջօպերատորական հեռախոսազանգերի եւ նույն սարքերի միջոցով վերջավորում կատարել «Արմենտել» ՓԲԸ-ի ցանցում` այդկերպ իրականացնելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Արդյունքում` պետությանը եւ «Արմենտել» ՓԲԸ-ին պատճառվել է ընդհանուր առմամբ շուրջ 15 մլն դրամի վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 1-ին վարչության 3-րդ բաժնի օպերլիազորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---