Աղետի գոտում բնակարան ստանալու փաստաթղթերը պետք է ներկայացվեն մինչև 2011-ի նոյեմբերի 1-ը

Աղետի գոտում բնակարան ստանալու փաստաթղթերը պետք է ներկայացվեն մինչև 2011-ի նոյեմբերի 1-ը

PanARMENIAN.Net - Իր նիստում կառավարությունն աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ Գյումրի քաղաքում և Ախուրյան համայնքում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերով բնակարան ստանալու հավակնող ընտանիքների կողմից նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերով համալրված փաթեթների վերջնաժամկետ է սահմանել 2011 թ. նոյեմբերի 1-ը։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի մենք պատշաճ ձևով իրազեկենք մեր բոլոր քաղաքացիներին, որ վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է։ Նաև համայնքապետերը պետք է տեղյակ լինեն, որ նոյեմբերի 1-ին արդեն ցուցակների ճշգրտման գործընթացն ամբողջությամբ ավարտվում է։ Մենք աղետի գոտու վերականգնման աշխատանքների վերջին փուլն ենք իրականացնում, և սպառվում են այն միջոցները, որոնք ծրագրել էինք։ Մեր ծրագիրը նախատեսված էր շուրջ 7 հազար անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովելու համար։ Արդյունքում ամբողջությամբ կատարում ենք մեր պարտավորություններն անօթևանների, մասնավորապես, այն ընտանիքների նկատմամբ, որոնք համապատասխանում են այն չափանիշներին, որոնք սահմանված էին մեր կողմից։ Մենք շատ քաջ գիտակցում ենք, որ այդ ցուցակների ճշգրտումը բավական բարդ գործընթաց է և պայմանավորված է այն հանգամանքով, որ իրականում աղետի հետևանքով անօթևան դարձածները և սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքները փորձում են այս ծրագրից օգտվել, և շատ դժվար է այդ տարանջատումն իրականացնել, որովհետև շատ հաճախ իսկապես սոցիալապես անապահով ընտանիքներ նույնպես ցանկություն ունեն օգտվել ծրագրից, բայց օբյեկտիվ չափանիշները, որոնք դրված են ծրագրի հիմքում, թույլ չեն տալիս այդ։ Դրա համար ունենք սոցիալական այլ ծրագրեր, և երեկ քաղաքաշինության նախարարը նաև Ազգային ժողովում հայտարարեց, որ նախարարական կոմիտեում քննարկվել է բազմաբնակարան շենքերի հիմնախնդիրը։ Հայաստանում ունենք 21 հազարից ավելի բազմաբնակարան շենք, և, ցավոք, դրանց զգալի մասը «խրուշչովյան» տարիներին կառուցված շենքերն են, որոնց ֆիզիկական մաշվածության աստիճանը բավական բարձր է, և դրանք վթարային դառնալու լուրջ խնդիր ունեն։ Այդ պատճառով, ավարտելով այս ծրագիրը, 2012 թ. արդեն պետք է ձեռնամուխ լինենք նորի իրականացմանը։ Հայեցակարգը հավանություն է ստացել նախարարական կոմիտեում, հանրային քննարկում կկազմակերպենք, և արդեն պարտավոր ենք լինելու ամեն տարի գումար հատկացնել բազմաբնակարան շենքերի խնդիրները լուծելու համար։ Միջազգային փորձագետներ են աշխատել այս փաստաթղթի վրա, տվել են իրենց եզրակացությունները, թե ինչպիսին է այսօր աշխարհի լավագույն փորձը, և բոլոր հնարավոր գործիքները պետք է օգտագործենք այս խնդիրը լուծելու համար։ Սոցիալապես անպահով ընտանիքները նույնպես պետք է իմանան, որ մենք այս փուլում լուծեցինք անօթևանների խնդիրը, բայց երկրորդ փուլում, բնականաբար, ուշադրության կենտրոնում հայտնվելու են առաջին հերթին սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք ունեն այդպիսի խնդիրներ։ Հիմա մենք մեր քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 1-ը փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է»։

Ւնչպես հաղորդել է կառաբարության մամլո կենտրոնում Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, մինչև սեպտեմբերի 1-ը 2913 ընտանիքներ տեղեկացվել են Գյումրիում բնակարան ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու մասին: Սակայն 632 ընտանիքներ ընդհանրապես փաստաթղթեր չեն տրամադրել:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---