ՏՄՊՊՀ-ն 20 միլիոն դրամով տուգանել է «Մոկոնաթ» ընկերությանը՝ գերիշխող դիրքի չարաշահման համար

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նիստում որոշվեց լուծվող սուրճի ներկրման ոլորտում խոշոր ծավալներ ունեցող «Մոկոնաթ» ընկերության հանդեպ կիրառել տուգանք 20 մլն դրամի չափով:

Հանձնաժողովի ուսումնասիրություններով բացահայտվել է, որ, վերոնշյալ ընկերությունը տևական ժամանակ լուծվող սուրճն իրացրել է խիստ տարբերակված գներով, իսկ որոշ դեպքերում էլ՝ անհիմն կերպով բարձրացրել է գինը: Հանձնաժողովը պարզել է նաև, որ մի որոշ ժամանակահատված էլ «Մոկոնաթը» գների կտրուկ իջեցման միջոցով փորձել է շուկայից դուրս մղել իր մրցակցներին, այսինքն, ընկերությունը իրականացրել է դեմպինգ, ինչի արդյունքում էլ լուծվող սուրճի շուկայում կարողացել է զբաղեցնել գերիշխող դիրք՝ ներկրման ծավալներով դառնալով առաջատար:

Հանձնաժողովի փորձագետները այս ընկերության վարքագծի հետ կապված բավականին ուշագրավ բացահայտումներ են կատարել: Մասնավորապես, համաձայն ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի, լուծվող սուրճի ձեռքբերման գինը կազմել է 820 դրամ, սակայն վաճառքը տեղի է ունեցել գնման գնից անհամեմատ ցածր արժեքով՝ 620 դրամով: Այս գործելաոճով շուկայում առաջատար դիրքերի հասնելով, ընկերությունը կտրուկ փոխել է իր վարքագիծը և վարել է հակառակ քաղաքականությունը. Նույն 820 դրամով ձեռք բերված սուրճը վաճառել է քառակի անգամ թանկ՝ 3300 դրամով:

Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լուծվող սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունը տևական ժամանակ գործել է օրենքի ակնհայտ խախտումներով և գերշահույթներ կորզել սպառողներից:

Ի դեպ, ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ ապրանքի ձեռքբերման և վաճառքի գները ակնհայտորեն չեն համապատասխանում իրական շուկայական գներին, ինչի հետ կապված բոլոր նյութերն ուղարկվել են Պետական եկամուտների կոմիտե:

Տեղեկացնենք, որ «Մոկոնաթ» ընկերությունը խոշոր ներկրող է հանդիսանում նաև հետևյալ ապրանքային շուկաներում՝ «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» և «Բրինձ», հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---