Ավազակություն կատարելու համար դատարանը 3 հոգու դատապարտել է 9-12 տարվա ազատազրկման

Ավազակություն կատարելու համար դատարանը 3 հոգու դատապարտել է 9-12 տարվա ազատազրկման

PanARMENIAN.Net - Դատարանն ապացուցված է համարել թվով 3 անձանց կողմից ավազակություն կատարելու, ապօրինի կերպով զենք պատրաստելու և կրելու համար առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:

ՀՀ Դատախզությունից հայտնում են, որ դատարանը հիմնավորված է համարել այն, որ Երևան քաղաքի բնակիչ Կ.Կարապետյանը, ներգրավելով իր մորեղբոր որդուն` 17-ամյա Ա.Մ.-ին, ապա նաև վերջինիս ընկերոջը` Պ. Հակոբյանին, 2009 թվականին ստեղծել է կազմակերպված կայուն խումբ: Վերջիններս պլանավորել ու կատարել են ավազակային հարձակումներ` զենքի` ապօրինի գործադրմամբ: Ընդհանուր առմամբ բացահայտվել է վերոհիշյալ անձանց մասնակցությամբ ավազակային հարձակմամբ կատարված հափշտակության 4 դրվագ:

Հանցավոր խումբն ընդհանուր առմամբ ավազակային հարձակում է գործել թվով 4 բնակարանի սեփականատերերի նկատմամբ: Հանցավոր խմբի գործողություններից տուժել էին մասնավորապես Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 3 շենքի 44 բնակարանի, Երևան քաղաքի Դավիթաշեն Ձոր-1 թաղամասի 89 և Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 31/26 տների բնակիչները՝ Արսեն Լալայանցը, Սուրեն Շահգալդյանը, Մանվել Բադալյանը, որոնց տներից ավազակային հարձակմամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար (կանխիկ գումար և ոսկեղեն):

Դատարանը Ա. Մ.-ի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանել ազատազրկում 9 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ, Պ. Հակոբյանի նկատմամբ` 11 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ, իսկ Կ. Կարապետյանի նկատմամբ` ազատազրկում` 12 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ:

Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը գտնում է, որ հանցագործությունների կազմակերպիչ Կ. Կարապետյանի և Պ. Հակոբյանի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի սահմանած պատիժը մեղմ է և վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` կայացված դատավճիռը պատժաչափի մասով վերանայելու համար: Մեղադրող դատախազը ընդհանուր իրավասության դատարանում միջնորդել էր Կ. Կարապետյանին դատապարտել 14, իսկ Պ. Հակոբյանին` 13 տարվա ազատազրկման:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---