Աշոտյանի կարծիքով՝ ուսուցիչները անգամ քիչ գումարով կրթական համակարգում որակ են ապահովում

Աշոտյանի կարծիքով՝ ուսուցիչները անգամ քիչ գումարով կրթական համակարգում որակ են ապահովում

PanARMENIAN.Net - Ուսուցչի օրվա կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանրապետության մի խումբ լավագույն մանկավարժների ընդունելություն և պարգևատրում: ԿԳՆ-ից հայտնում են, որ շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի առիթով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է. «Մեր կրթական համակարգի հաջողություններն արձանագրվում են ուսուցիչների անբասիր աշխատանքի շնորհիվ: Այդ աշխատանքի արդյունքն է, որ կրթության ոլորտին միջազգային չափանիշներով քիչ գումարներ հատկացնելով անգամ, ստանում ենք որակ: Ապացույցը մեր բազում աշակերտներն են, ովքեր ձեր աշխատանքի շնորհիվ հաջողություններ են արձանագրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում»։

Նախարարն իր խոսքում անդրադարձել է կրթական բարեփոխումներին, շեշտելով, որ դրանք երբեք չեն ավարտվելու: Նպատակն, ըստ Աշոտյանի, համակարգի կատարելագործումն է: Առջևում ուսուցիչների ատեստավորման գործընթացն է:

Միջոցառման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարը պարգևատրել է 2011 թվականի «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների անվանակարգերում հաղթողներին: Պատվոգրեր և պարգևներ են հանձնվել նաև վերոնշյալ մրցույթին մասնակից մի խումբ ուսուցիչների և դաստիարակների՝ ՀՀ կրթության և գիտության աշխատողների արհեստակցական միությունների ճյուղային հանրապետական միության կողմից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---