Սպասվում է Լիբանանի նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի այցը Հայաստան

Սպասվում է Լիբանանի նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի այցը Հայաստան

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիին: Ինչպես նշվում է կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, վարչապետը համոզմունք է հայտնել, որ Նաբիհ Բերրիի Հայաստան կատարած այցը նոր թափ կհաղորդի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ տարբեր ուղղություններով: Տիգրան Սարգսյանը նշել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները, մասնավորապես ապրանքաշրջանառության ծավալները, չեն համապատասխանում հայ-լիբանանյան բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների մակարդակին:

Տիգրան Սարգսյանը ափսոսանք է հայտնել, որ Լիբանանի վարչապետի նախորդ ծրագրված այցելությունը Հայաստան չկայացավ, ուստի Հայաստանը վերահաստատում է իր այցելության հրավերը: Կառավարության ղեկավարն ասել է, որ այդ այցի շրջանակում կկազմակերպվի բիզնես ֆորում, որին կմասնակցեն երկկողմ գործարարներ, որն էլ կնպաստի հայ-լիբանայան համատեղ տնտեսական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Կողմերը տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղություններ են համարել թեթև արդյունաբերության, դեղագործության, ոսկեգործության, զբոսաշրջության բնագավառները և կարևորել պետական ու մասնավոր հատվածի համապատասխան կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնումն ու խորացումը: Բացի դրանից, կարևորվել է նաև հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը՝ առևտրատնտեսական կապերի ակտիվացման և երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացման ու ընդլայնման տեսակետից:

Նաբիհ Բերրին իր հերթին տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան կայցելեն Լիբանանի նախագահը, վարչապետն ու արտգործնախարարը: Լիբանանի խորհրդարանի նախագահի խոսքով՝ տեղի հայ համայնքը մեծ ներդրում ունի իր երկրի զարգացման գործում և հանդիսանում է հուսալի ու ամուր կամուրջ՝ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---