«Խնձորի» հիմնադրի մահը ցնցել է ողջ համացանցը, ի՞նչ է սպասում Apple-ին

«Խնձորի» հիմնադրի մահը ցնցել է ողջ համացանցը, ի՞նչ է սպասում Apple-ին

PanARMENIAN.Net - Այսօր ողջ աշխարհը խոսում և սգում է Apple ընկերության հիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսի մահը։ Շատերն են ցնցված նորությունից՝ չնայած լուրը սպասելի էր, քանի որ երկար տարիներ Ջոբսը տառապում էր քաղցկեղով։ Ամերիկյան մամուլը վաղուց կանխագուշակում էր, որ հնարավոր է Սթիվը շուտով հեռանա կյանքից։ Բոլորին զարմացրել էր, որ նա ներկայացավ iPad 2-ի շնորհանդեսին։

Google News-ում գլխավոր լուրը կրկին Ջոբսն է։ Դե իսկ Google Trends-ը, որն ամեն 15 րոպեն մեկ թարմացնում է Google-ում որոնվող օրվա ընթացքում թրենդային արտահայտություններն ու բառերը, ցույց է տալիս, որ օրվա թրենդը Սթիվ Ջոբսն է։ Օգտագործողները Google-ում ամենից շատ այսօր որոնում են Սթիվ Ջոբս, Apple, Pixar, Apple stock, քաղցկեղ և Ջոբսին առնչվող այլ արտահայտություններ։

Դե իսկ սոցիալական ցանցերից կարելի է նկատել, որ հատկապես երիտասարդները, ովքեր Սթիվին երկրպագել են, իսկապես ցնցված են և նրանց տխրեցրել է նորությունը։ Facebook օգտագործողների գրեթե մեծամասնության կարգավիճակներում առկա է Սթիվի անունը։ Օգտագործողները կիսում են Ջոբսի և Apple-ի լոգոտիպով նկարներ կամ լինքեր, որոնք պատմում են Սթիվի կյանքի, նորարարությունների, ձեռքբերումների մասին։

Ոմանք գիտեն, իսկ ոմանք էլ անգամ գաղափար չունեն, որ Սթիվ Ջոբսը ոչ միայն Apple-ի հիմնադիրն է, այլ Pixar անիմացիոն ստուդիայի ստեղծողը և նրան էր պատկանում Walt Disney ընկերության բաժնետոմսերի 7%-ը։ Դե իսկ հայերի սիրելի տեղեկությունն այն էր, որ Ջոբսի խորթ մայրը հայուհի էր։

Ի՞նչ է սպասվում, ի՞նչպես կզարգանա Apple-ը։ Արդյո՞ք կարդարացնի նորանշանակ գործադիր տնօրեն Թիմ Քուքը բոլորի սպասումները, արդյո՞ք Սթիվ Ջոբսն անփոխարինելի է, շուտով պարզ կդառնա։

Երբ Ջոբսը լքեց իր պաշտոնը, ընկերության բաժնետոմսերի արժեքն ընկավ 3%-ով, երբ Apple-ը ներկայացրեց iPhone 4S-ը սպասված iPhone 5-ի փոխարեն՝ արժեքն ընկավ 3,3%-ով, իսկ այսօր արդեն Սթիվի մահվան պատճառով բաժնետոմսերի արժեքն ընկավ 5%-ով։

Apple-ը համաշխարհային շուկայում համարվում է խոշոր ՏՏ ընկերություն` ավելի քան 300 միլիարդ դոլար շահույթով։ Apple-ը արտադրում է Mac համակարգիչներ, MacBook նոթբուքեր, iPhone հեռախոսներ, iPod մեդիա փլեյերներ, iPad պլանշետային համակարգիչներ։

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---