Վահագն Չախալյանը դադարեցրել է իր հացադուլը` անսալով ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդի հորդորներին

Վահագն Չախալյանը դադարեցրել է իր հացադուլը` անսալով ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդի հորդորներին

PanARMENIAN.Net - 2011-ի հոկտեմբերի 11-ին Վահագն Չախալյանին Ռուսթավի N6 խիստ ռեժիմի բանտում տեսակցել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «Երկիր» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը: Տեսակցության ժամանակ Սրբազանը, հայտնելով ջավախքահայ քաղաքական գործչին իր զորակցությունը, միաժամանակ հորդորել է նրան դադարեցնել հացադուլը` հրաժարվելով իր առողջությանը վնասող այդ ծայրահեղ միջոցից: Ընդառաջելով Սրբազանի հայրական հորդորներին` Վահագն Չախալյանը որոշել է հոկտեմբերի 12-ից դադարեցնել հացադուլը:

Այդ որոշումն ընդունելիս` նա նաև հաշվի առել այն հանգամանքը, որ հացադուլ հայտարարելուց հետո բանտի ադմինիստրացիան բավարարել է նրա պահանջների մի մասը: Այսպես, թույլատրվել է հայ հոգևորականների և, մասնավորապես, Վազգեն Սրբազանի հետ նրա տեսակցությունը, լուծվել է բանտախցի ջրամատակարարման խնդիրը, թույլատրվել է պահել ջրի համար բաքեր, վերացվել են բանտի խանութից գնումներ կատարելու սահմանափակումները, վերադարձվել են բռնագրավված գրքերը:

Վահագն Չախալյանը իր փաստաբանի միջոցով փոխանցել է, որ նա հաստատակամ է շարունակելու իր նկատմամբ արդարության վերականգնման և ջավախքահայության իրավունքների պաշտպանության համար պայքարը:

Իր հերթին, Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը հաղորդել է լրագրողներին, որ Վահագն Չախալյանին ձերբակալելուց ի վեր վրացական իշխանությունները բազմիցս խախտել են նրա իրավունքները: Նրա խոսքով, մինչև հիմա չի լուծվել Չախալյանի կնոջ և փոքր երեխայի հետ տեսակցություն ապահովելու հարցը, և որ այդ տարիների ընթացքում նա ընդամենը 15 րոպե անձնական շփում է ունեցել նրանց հետո, չնայած նրան, որ սովորական բանտարկյալներին մեկ ամսվա մեջ երեք անգամ նման հնարավորություն է ընձեռվում: Փաստաբանի խոսքով, Չախալյանի նկատմամբ սահամանափակումները հանելը պայմանավորված է նրանով, որ նրա կողմից հացադուլ սկսելու մասին տեղեկատվությունը տարածվել է վրացական ԶԼՄ-ներում:

Ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը 2008թ. հուլիսի 21-ին ձերբակալվել և 2009թ. ապրիլի 7-ին բոլոր պատիժների գումարման սկզբունքի կիրառմամբ 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Վրաստանի Ախալցխայի շրջանի առաջին ատյանի դատարանի կողմից մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա: Էական խախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում ջավախքահայ գործիչը մեղավոր է ճանաչվել «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման և ակտիվ մասնակցության» (Վրաստանի քր. օրենսգրքի 226- րդ հոդված), «իշխանության ներկայացուցչի դեմ խուլիգանության» (239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետ) և «զենք-զինամթերքի պահպանման» (236-րդ հոդվածի 1-ին մաս) համար: Բոլոր մեղադրանքները, բացառությամբ մեկի, հիմնված են 2005-06թթ. Չախալյանի քաղաքական գործունեությանն առնչվող փաստերի կողմնակալ ու խեղաթյուրված մեկնաբանման վրա:

Վահագն Չախալյանի հետ միասին «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման» և «զենք-զինամթերքի պահպանման» մեղադրանքներով արդեն պայմանական ժամկետների և տուգանքների են դատապարտվել նրա հայրը` Ռուբեն Չախալյանը, և կրտսեր եղբայրը:

Վրաստանի վերաքննիչ դատարանը 2009թ. հոկտեմբերի 30-ին անփոփոխ է թողել Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր նկատմամբ առաջին ատյանի դատավճիռը, իսկ 2010թ. հուլիսի 5-ին Վրաստանի գերագույն դատարանն ընդհանրապես հրաժարվել է վարույթ ընդունել գործը:

Վահագն Չախալյանը բողոք է ներկայացրել վրաց իշխանությունների դեմ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Բողոքի քննությունը ներկայումս ընթացքի մեջ է:

 Ուշագրավ
---