Ավարտվեց «Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը», հայտնի դարձան հաղթողները

Ավարտվեց «Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը», հայտնի դարձան հաղթողները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Երևանում ավարտվեց «Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը»: Փառատոնի Գրան պրին ստացավ «7 կամ ինչո՞ւ եմ ես ապրում» գերմանական ֆիլմը: Նույն ֆիլմն արժանացել է նաև «Ես իրավունք ունեմ» անվանակարգի մեծահասակների ժյուրիի մրցանակին: Նույն անվանակարգի մանկապատանեկան ժյուրիի մրցանակին արժանացել է բրազիլական «Իմ կյանքի պատմությունը», իսկ անվանակարգի լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Ետնախորշերի սիմֆոնիան» Իտալիայից: «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մեծահասակների և մանկապատանեկան ժյուրին եղել է համակարծիք, և հաղթող է ճանաչվել «Կորալին» մուլտֆիլմը ԱՄՆ-ից: «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում մեծահասակների և մանկապատանեկան ժյուրիի կարծիքները նույնպես համընկել են՝ հաղթող է ճանաչվել իտալական «Կղզու թագավորը» կարճամետրաժ մուլտֆիլմը: «Ամեն ինչ երեխաների կողմից» անվանակարգում, որտեղ ընդգրկված էին երեխաների կողմից նկարահանված ֆիլմերը, հաղթեց Ռուսաստանի «Շար» դպրոց-ստուդիայի «Մանկության ընկերը» ֆիլմը: Լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել Բելգիայի և Ֆրանսիայի համատեղ «Մնում ենք ընկերներ» ֆիլմը, իսկ մանկապատանեկան ժյուրին լավագույնն է ճանաչել ֆրանսիական «Փոքրիկ Նիկոլան» ֆիլմը: Հանդիսատեսի համակրանքը շահել է ճապոնական «Քայլելով ձյան վրայով» ֆիլմը:

Փառատոնը մեկնարկել էր հոկտեմբերի 22-ին, որին մասնակցում էր 98 ֆիլմ 35 երկրից: Այս տարի այն ներկայացավ նոր ծրագրերով: UNICEF-ի հայաստանյան գրասենյակի կողմից ներկայացվեց All by kids և «Երեխան պետք է ապրի ընտանիքում» ծրագրերը: Բացի դրանից Հայաստանից, Վրաստանից և Թուրքիայից 3-ական երեխա մասանկցեցին վարպետության դասընթացի և նկարահանեցին 2 անիմացիոն ֆիլմ: Ֆիլմերը ցուցադրվեցին փառատոնի փակմանը:Նոր ծրագրերի թվում էր «Ճապոնիայի օր Հայաստանում» և «Դու մենակ չես… միասին կհաղթենք» ծրագիրը, որի շրջանակներում Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կոզլովը 4 անվճար վիրահատության փոխարեն 6 վիրահատություն կատարեց: Կայացան լատվիացի հայտնի դերասան Իվար Կալնինշի և թատերագիր Յուրի Էնտինի ստեղծագործական երեկոները: Փառատոնի բոլոր հյուրերը շրջեցին Հայաստանի տեսարժան վայրերով, իսկ թուրք երեխաներն այցելեցին Ծիծեռնակաբերդ: Փառատոնը կազմակերպել էր «Ռոլան Բիկով» հիմնադրամը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---