4 նոյեմբերի 2011 - 19:31 AMT
Հայաստանի ճանապարհատրանսպորտային պատահարները փորձում են կանխել 3D սարքերով

Նոյեմբերի 7-ին Երևանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում տեղի կունենա «Ճանապարհատրանսպորտային պատահարների ավտոտեխնիկական և տրանսպորտատրասոլոգիական փորձաքննության ինովացիոն մեթոդների ներդրում և գործարկում» նախագծի ավարտին նվիրված շնորհանդեսը:

Նախագիծն իրականացվել է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության կողմից` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ: Այս նախագիծը մաս է հանդիսանում ԵՀՀ «Բաց դռներ» դրամաշնորհային ծրագրի, որին աջակցում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալությանը:

Նախագծի նպատակն էր նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) հետաքննության հետ կապված կոռուպցիոն ռիսկերը` Հայաստանում ներդնելով բարձր տեխնոլոգիական անկախ փորձագիտություն: Սույն խնդիրը լուծելու համար կազմակերպությունը ձեռք է բերել և գործարկել է տրանսպորտային միջոցների բախումը և հետագիծը վերականգնող 3D ձևաչափի սարքավորում, որը հնարավորություն է տալիս արագ և ճշգրիտ վերլուծելու բոլոր տեսակի պատահարները:

Միջոցառմանը ելույթ կունենան ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան: Սլովակիայի արդարադատության նախարարության Ժիլինայի դատական փորձաքննության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գուստավ Կասանիցկին կներկայացնի ՃՏՊ-ների մոդելավորման PC-Crash համակարգչային ծրագիրը: