4 նոյեմբերի 2011 - 21:05 AMT
Մինասյան. ԼՂ հակամարտության գոտում պատերազմի դեպքում ռազմական գործողությունները չեն սահմանափակվի ԼՂՀ տարածքով

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանական դիրքերը գնդակոծվում են ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի տարածքում գտնվող դիրքերից, վկայում են այն մասին, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում նրանք չեն սահմանափակվի միայն ԼՂՀ տարածքով, այլև կանցնեն ՀՀ տարածք: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ընդ որում, հայ փորձագետը նկատել է, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կօգտագործվեն նաև ինչպես հայ-ռուսական երկկողմ համագործակցության, այնպես էլ ՀԱՊԿ մեխանիզմները, որի անդամն է հանդիսանում Հայաստանը: «Դա ռազմական գործողությունները կանխատեսելի է դարձնում»,- ասել է Մինասյանը` հավելելով, որ ռազմական գործողությունները չեն սահմանափակվի ղարաբաղյան հակամարտության գոտով, ինչն էլ հնարավոր է դարձնում երրորդ երկրների մասնակցությունը:

Անդրադառնալով ռազմական գործողություններին Թուրքիայի հնարավոր մասնակցությանը` Սերգեյ Մինասյանն ասել է, թե քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, նրա համար դա բավական բարդ կլինի: «Բացի դրանից, կարծում եմ, որ Թուրքիան շատ կմտածի, նախքան դեմ գնալն այնպիսի ատոմային տերությանը, ինչպիսին Ռուսաստանն է»,- նշել է հայ փորձագետը: