Բակո Սահակյան. Արցախը շահագրգռված է Շվեյցարիայի հետ ամուր կապերի հաստատման մեջ

Բակո Սահակյան. Արցախը շահագրգռված է Շվեյցարիայի հետ ամուր կապերի հաստատման մեջ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին այցելել է Բեռն քաղաք և Շվեյցարիայի խորհրդարանում հանդիպում ունեցել այդ երկրի կարևորագույն կուսակցությունները ներկայացնող մի խումբ պատգամավորների հետ, հաղորդում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպմանը քննարկվել է Արցախի ներքին կյանքին, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Շվեյցարիայի Համադաշնության հետ ամուր կապերի հաստատման մեջ և այս համատեքստում կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցությունը:

Երկրի ղեկավարը նշել է, որ ԼՂՀ համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Շվեյցարիայի փորձը գյուղատնտեսության և կրթության ոլորտներում: Բակո Սահակյանը հատուկ ընդգծել է Շվեյցարիայի հետ համագործակցության նշանակությունը ժողովրդավարության` հատկապես տեղական ինքնակառավարման ինստիտուտի զարգացման գործում:

Երկուստեք կարևորվել է երկկողմ կապերի խորացումը և այս ուղղությամբ փոծգործակցության կոնկրետ ծրագրերի մշակումն ու իրականացումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը, Հայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի քարտուղար Սարգիս Շահինյանը, այլ պաշտոնատար անձինք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---