Ամանորի համար եղևնիներ կարելի է ոչ միայն հատել կամ գնել, այլև վարձակալել

Ամանորի համար եղևնիներ կարելի է ոչ միայն հատել կամ գնել, այլև վարձակալել

PanARMENIAN.Net - Եթե որոշել եք Ամանորը դիմավորել կենդանի տոնածառով, սակայն չեք ուզում ծառահատումների մասնակից դառնալ, Երևանի կենդանաբանական այգին այլընտրանքային` բնապահպանական տարբերակ է առաջարկում:

«Ամեն տարի` ամանորյա տոներին ընդառաջ, Հայաստանի անտառներից, ծառահատումների արդյունքում, հազարավոր եղևնիներ են անհետանում: Իսկ տոներից հետո Ամանորի կենդանի խորհրդանիշները հայտնվում են աղբանոցում: Եթե դուք կարևորում եք Ամանորին տանը բնական տոնածառի առկայությունը, ծաղկամանով եղևնիների վարձակալությունը կարող է հարցի լուծման հրաշալի միջոց դառնալ»,- նշում են նախագծի կազմակերպիչները։

Ցանկացողները հնարավորություն կունենան դեկտեմբերի 15-ից գալ Երևանի կենդանաբանական այգի և անձամբ ընտրել իրենց ծառը: Կազմակերպիչներն ավելի ուշ` պատվիրատուին հարմար ժամկետներում, ծառը կառաքեն նշված հասցեով:

Ծառերի հետ կտրվի տվյալ ծառատեսակի խնամքի և պահպանման վերաբերյալ տեղեկատվական թերթիկ, որը կօգնի այն պահել անվնաս: Վարձակալության դեպքում ծառերը պատվիրատուի բնակարանում կարող են մնալ մինչև հունվարի 15-ը: Եղևնու վարձակալության արժեքը 25.000 դրամ է: Ձեռքբերման համար պետք է վճարել 40.000 դրամ: Առաքումը Երևանի տարածքում անվճար է:

Գնելու դեպքում ծաղկամանով ծառերը Ծննդյան տոներից հետո կարելի է նվիրաբերել որևէ կրթօջախի կամ գարնանը տնկել ձեր իսկ տան կամ շենքի բակում: Նախագծից ստացված ողջ հասույթը կուղղվի Երևանի կենդանաբանական այգու կենդանիների խնամքին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---