Արմեն Ջիգարխանյանը բեմ է դուրս եկել 10-ամյա ընդմիջումից հետո

Արմեն Ջիգարխանյանը բեմ է դուրս եկել 10-ամյա ընդմիջումից հետո

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանը բեմ է դուրս եկել 10-ամյա ընդմիջումից հետո, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Արվեստի անվանի գործիչը հանդես է եկել փիլիսոփա և պետական գործիչ Լուցի Անեյ Սենեկայի դերում «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոն» ներկայացման մեջ: Այն առաջին անգամ ցուցադրվել է դեկտեմբերի 24-ին Մոսկվայի դրամատիկ թատրոնում, որը գլխավորում է հայտնի դերասանը:

Առաջնախաղից հետո վարպետը պարգևատրվեց Ռուսաստանի լրագրողների միության «Պատիվ. Արժանապատվություն. Պրոֆեսիոնալիզմ» պատվո նշանով նշանակալի պրոֆեսիոնալ նվաճումների, պրոֆեսիոնալ և քաղաքացիական էթիկայի բարձր նորմերի հաստատման համար:

Ջիգարխանյանը նախկինում արդեն հանդես է եկել այդ դերում Էդվարդ Ռադզինսկու պիեսում Մայակովսկու անվան թատրոնում, այն ժամանակ վարպետը մարմնավորեց կայսր Ներոնի կերպարը:

Մամլո ասուլիսում Ջիգարխանյանը խոստովանեց, որ ճշգրիտ չի կարող ասել, թե ինչու որոշեց բեմ դուրս գալ տևական դադարից հետո: «Դա հատուկ, կհանդգնեմ ասել ֆիզիկահոգեբանական վիճակ է»,-ասել է նա՝ խոսելով պիեսի ընտրության մասին: «Շատ եմ սիրում այդ հեղինակին,-խոստովանել է վարպետը:-Ես խաղացել եմ նրա բոլոր ստեղծագործություններում: Նա ժամանակակից թատերերգության ականավոր հեղինակներից է»:

Ջիգարխանյանը փայլուն կերպով մարմնավորեց փիլիսոփա Սենեկայի կերպարը: Հին Հռոմի մթնոլորտն էին ստեղծում պատմական դարաշրջանի ոճն ու ոգին վերարտադրող դեկորացիաներն ու զգեստները: Ինքը Ջիգարխանյանն առանձնացրեց «լավ բեմադրված խորեոգրաֆիան»:

Պիեսը բեմադրվել է Մոսկվայում, Պրահայում, Նյու Յորքում, Կոպենհագենում ու Տորոնտոյում:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Ջիգարխանյանն ասաց, որ թատրոնում աշխատում են Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» բեմադրության վրա: «Ես տեսել եմ այդ ներկայացումը Երևանում և կարծում եմ, որ այն մի քանի շերտեր, մակարդակներ ունի, ինչպես ցանկացած լավ դրամատուրգիա: Ուստի ինձ համար հետաքրքիր կլինի այն բեմադրել»,-ասել է նա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---