Կասկածելիորեն խաղաղասեր Բաքուն կամ ի՞նչ անակնկալներ սպասել Ադրբեջանից Ղարաբաղի շուրջ հանդիպմանը Սոչիում

Կասկածելիորեն խաղաղասեր Բաքուն կամ ի՞նչ անակնկալներ սպասել Ադրբեջանից Ղարաբաղի շուրջ հանդիպմանը Սոչիում

PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին Սոչիում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Ի՞նչ կբերի այդ հանդիպումը կողմերին: Հերթական հռչակագրային հայտարարություննե՞ր: Հերթական խոստումնե՞ր: Կամ հերթական ձախողո՞ւմ, որը Կազանում նախորդ եռակողմ հանդիպման ժամանակ կազմակերպել էր ադրբեջանական կողմը: Թարմացնենք այդ իրադարձությունների մասին հիշողությունը. ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունիսի 24-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերին չի հաջողվել համաձայնության գալ, որովհետև Ադրբեջանի նախագահը վերջին պահին 10 նոր փոփոխություն է ներկայացրել:

Ինչպիսի՞ անակնկալ է պատրաստում ադրբեջանական կողմն այս անգամ: Բաքվում առաջիկա հանդիպման կապակցությամբ աղոտ անհանգստություն առաջացնող միանգամայն խաղաղասեր հայտարարություններ են հնչում: Այդպես, Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բախար Մուրադովան համոզմունք է հայտնել, որ «հիմնախնդրի խաղաղ լուծումը դեռևս հնարավոր է»: Ավելին` վաղուց արդեն Մինսկի խումբը որևէ այլ կազմակերպությամբ փոխարինելու պահանջ ներկայացնող երկրի պատգամավորը նույն այդ խմբի հանդեպ համակրանք է ցուցաբերել և հայտնել, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվությունը կարող է դրական արդյունքների բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»: Բացի այդ, նա ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահներին խորհուրդ է տվել օրինակ վերցնել ակտիվ Ռուսաստանից:

Իսկ ահա «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության (ԵԱԿ) գործադիր քարտուղարի տեղակալ, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին գտնում է, որ Սոչիում կայանալիք հանդիպումը «դրական պահ է, քանի որ ցանկացած հանդիպում որոշակի ազդեցություն է ունենում երկու կողմերի դիրքերի մոտեցման գործում այս և մյուս հարցերում»:

Նա անգամ «հիշեցրել է» Ալիևի խոսքերն այն մասին, որ «Բաքուն հավատարիմ է բանակցային գործընթացին»: Իսկ Ալիևն իրականում բառացիորեն օրերս հանդես է եկել ռազմաշունչ հայտարարությունների հերթական չափաբաժնով: Ավելին, նա, այլևս ոչ մեկից չամաչելով, հայտարարել է, որ «Ադրբեջանը թույլ չի, որպեսզի պատերազմի կանխումը բանակցությունների հիմնական թեման դառնա»` դրանով իսկ հասկացնելով, որ Բաքուն (մեղմ ասած) ոչ մի նշանակություն չի տալիս ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու` համաշխարհային տերությունների կոչերին:

Այդ դեպքում ո՞րն է ադրբեջանական կողմի այդպիսի անսպասելի փոխակերպման գաղտնիքը: Ինչ-որ անհայտ խոստումները, որոնք Ադրբեջանին տվել է բանակցողներից ինչ-որ մե՞կը: Վատ խաղի պարագայում լավ ական պատրաստելու փո՞րձը: Նույն այդ համաշխարհային տերությունների աչքին թոզ փչե՞լը: Կամ էլ Սոչիի հանդիպման համար հերթական «անակնկալի» պատրաստո՞ւմը:

Մի բանում կասկածելու առիթ չկա. Ալիևը Սոչիում կանի իրենից կախված ամեն բան, որպեսզի անգամ նվազագույն առաջընթաց թույլ չտա ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ բանակցություններում: Չէ՞ որ նա ոչ մի ցանկություն չունի լքելու արդեն հարազատ դարձած նախագահական աթոռը:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---