Թաներ Աքչամ. Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքիայում ինդուստրիա է

Թաներ Աքչամ. Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքիայում ինդուստրիա է

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը բացասական արձագանք ունեցավ Թուրքիայում, սակայն երկարաժամկետ առումով արձագանքը դրական կլինի: Նման կարծիք է հայտնել թուրք պատմաբան, ԱՄՆ Քլարքսի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը ֆրանսիական Le Monde-ին տված հարցազրույցում:

«Դրական է այն, որ անկախ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշումից, միջազգային հանրությունը մշտապես հիշեցնելու է այդ մասին, ինչպես, օրինակ ֆրանսիական օրինագիծը»,-ասել է Աքչամը՝ հավելելով, որ Թուրքիային չի հաջողվի թաքցնել այն փաստը, որ նա «գլուխը թաղել է ավազի մեջ»:

Ըստ Աքչամի, արտաքին ճնշումը ավելի շատ հնարավորություն կտա Թուրքիայի մտավորականներին պայքարել արդարության համար. «Միջազգային հանրությունը պետք է ուղղակի հասկանա, որ անհնար է փոխել Թուրքիայի դիրքորոշումը Ցեղասպանության հարցում միայն ներքին ներուժի հաշվին»:

«Մարդիկ պետք է հասկանան, որ Թուրքիայի քաղաքականությունը ուղղակի ժխտողական քաղաքականություն չէ: Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքիայում ինդուստրիա է: Իշխանության բոլոր գերագույն ճյուղերը զբաղված են Ցեղասպանության վերաբերյալ փաստերի դեմ պայքարով: Դուք բախվում եք ոչ թե ժխտման քաղաքականության հետ, այլ ռեվիզիոնիստական ռեժիմի»,-ասել է Աքչամը՝ պատասխանելով թուրքական իշխանությունների դիրքորոշման մասին հարցին: Ըստ Աքչամի, այսօրվա աշխարհում, որտեղ չկա «ներքին» ու «արտաքին», Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու մարդկանց իրազեկվածությունն այդ հարցում պետք է առաջնային լինեն մարդկության համար: «Հանուն արդարության ու ճշմարտության» համար քարոզարշավը չպետք է խոչընդոտի «ազատության ու ժողովրդավարության համար» արշավին, դրանք պետք է զարգանան նույն հունով»:

Ֆրանսիայի Սենատը օրինագիծը կքննարկի հունվարի 23-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---