Արթուր Գևորգյան. Ինքնասպանության գնացողին կամուրջի տակ անցկացված ցանցով հետ չես պահի

Արթուր Գևորգյան. Ինքնասպանության գնացողին կամուրջի տակ անցկացված ցանցով հետ չես պահի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում երբևէ չի քննարկվել կամուրջների տակ ցանց անցկացնելու նախագիծը։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ նշելով, որ նման առաջարկ երբևէ չի էլ եղել։

«Ինքնասպանությունները կանխելու, կամ դրանց թիվը նվազագույնի հասցնելու համար ավելի լուրջ քայլեր են անհրաժեշտ, ու դրանով պետք է ոչ թե քաղաքապետարանը, այլ պետությունը զբաղվի։ Եթե կամուրջի տակ ցանց անցկացնենք, ուրեմն պետք է դա անենք նաև բոլոր բարձրահարկերի տակ, պետությունը արգելի սուր կտրող-ծակող իրերի կամ դեղերի մեծամասնության ներկրումն ու վաճառքը»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ ինքնասպանության գնացողին կամուրջի տակ անցկացված ցանցով հետ չես պահի։ Նա նշեց, որ սա առաջին հերթին դաստիարակության խնդիր է. «Պետք է ուժեղ մարդ դաստիարակել, որը չի ընկրկի դժվարությունների առաջ։ Յուրաքանչյուրիս կյանքում էլ դժվարություններ կան, պարզապես պետք է ուժեղ լինել ու չհանձնվել»։

Մի քանի եվրոպական երկրներում կամուրջների տակ մեծ շառավիղով ցանցեր անցկացնելը ինքնասպանությունների դեմ պայքարի ռազմավարության մաս է կազմում։ Նաև շատ երկրներում մետրոների և գնացքների կայարանների դռների վրայից հանվել են «ելք չկա» գրությունները, քանի որ, ըստ հոգեբանների, դա կարող է ճնշող ներգործություն ունենալ և լրացուցիչ խթան հանդիսանալ ինքնասպանություն գործելու մտադրությամբ մետրո գնացողի համար։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---