«Այբ» կրթահամալիրում բացվել է միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի ցուցահանդեսը

«Այբ» կրթահամալիրում բացվել է միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր՝ հունվարի 30-ին, «Այբ» կրթահամալիրի արվեստի սրահում բացվեց միկրոքանդակագործության հիմնադիր Էդուարդ Տեր-Ղազարյանի անհատական մեկօրյա ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի շրջանակում տեղի ունեցավ նաև հանդիպում վարպետի հետ։ Ցուցահանդեսում ներկայացված են 13 ստեղծագործություններ, սակայն, վարպետի խոսքով, նրա աշխատանքների թիվը գերազանցում է 1000-ը։ Տեր-Ղազարյանը, ում աշխատանքները ցուցադրվում են աշխարհի շատ թանգարաններում, Հայաստանում մշտական ցուցադրությունների տեղ չունի։ Կոնկրետ այս ցուցահանդեսում ներկայացված են վարպետի ավելի ուշ շրջանի աշխատանքները, օրինակ՝ ասեղի անցքի մեջ տեղադրված Չառլի Չապլինի կերպարը, մարդու մազի մեջ 85 փղերի քանդակներ, քարերով պատրաստված տարբեր ծաղիկներ, մազից գործած ժանյակ։

Ցուցահանդեսի բացումից հետո միկրոքանդակագործը հանդիպում ունեցավ կրթահամալիրի երեխաների հետ, ում ծանոթացրեց իր աշխատանքների ստեղծման պատմության հետ։

Միկրոքանդակագործության հիմնադիր Էդուարդ Տեր-Ղազարյանը ծնվել է 1923 թվականին Երևանում։ Իր առաջին աշխատանքները ցուցադրել է 1947 թվականին։ Ամբողջ աշխարհի մասնավոր հավաքածուներում պահվում են նրա ավելի քան 600 աշխատանքները։ Նա նաև լարային մի շարք երաժշտական գործիքների հեղնակ է։ Բացի ասեղից և մարդու մազից, նկարում է բրնձի և այլ հատիկավորների վրա։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---