Ադրբեջանահայերը անվստահություն են հայտնում իրենց անունից հանդես եկող կազմակերպություններին

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի հայությանը հասցվել է հսկայական բարոյական ու նյութական վնաս, որի փոխհատուցումը պետք է տա Ադրբեջանը։ Մեզ հասցված վնասի փոխհատուցման հարցը պաշտոնապես պետք է բարձրացնեն Հայաստանի և Արցախի իշխանությունները, այլ ոչ թե փախստականների իրավունքների այսօրինակ ինքնակոչ հասարակական «պաշտպանները»,- գրում են շուրջ 472 ադրբեջանահայ փախստականներ՝ արտահայտելով իրենց բողոքն ու անվստահությունը «Ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարի» և «Ադրբեջանահայերի ասամբլեայի» հանդեպ։

Նրանք գրում են, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում ակտիվացել են առանձին գործիչների և նրանց դրդմամբ գործող հասարակական կազմակերպությունների ջանքերը, որոնք ուղղված են բոլոր ադրբեջանահայ փախստականների անունից խոսելու իրավունքը սեփական մենաշնորհը դարձնելուն. «Ոմանք հայտարարում են, թե ազատագրված տարածքներում պատրաստվում են մի քաղաք կառուցել, ուր պետք է քշեն-լցնեն 100 հազար ադրբեջանահայ փախստականներ, մյուսները գտնում են, որ մենք պետք է վերադառնանք Բաքու, ապրենք մեզ սպանողների ու հալածողների կողքին։ Թե' առաջինները, թե' երկրորդները խոսում են մի ինչ-որ երրորդ հայկական պետություն՝ ադրբեջանահայերի հանրապետություն ստեղծելու անհրաժեշտության մասին, որը հարկավոր է հիմնել ազատագրված տարածքներում և այլ»։

Հաղորդագրության հեղինակները, չցանկանալով գործիք դառնալ արկածախնդիրների, քաղաքական աճպարարների և անպատասխանատու մարդկանց ձեռքին, հայտարարում են, որ այս գործիչներից և ոչ մեկը դեռ ոչինչ չի արել իրենց վստահությանը արժանանալու և իրենց անունից որևէ մեկի հետ որևէ բանի մասին խոսելու իրավունքը ձեռք բերելու համար։ «Թող Աշոտ Մանուչարյանը, Անդրեաս Ղուկասյանը, Մարիամ Ավագյանը, Անահիտ Թարխանյանը, Հրանուշ Խառատյանը, Նիկոլայ Բաբաջանյանը, Գրիգորի Այվազյանը և այլ ցանկացողներ (եթե այդպիսիք ի հայտ գան) վրան խփեն ազատագրված տարածքներում և սկսեն այնտեղ իրենց համար կառուցել իրենց փափագած պետականությունն ու քաղաքը և, չի բացառվում, որ այդպիսի նախաձեռնողականությունը 3-4 տարվա ընթացքում տա իր պտուղներն ու հայրենասիրության և անձնուրացության այդ օրինակից ոգեշնչված, իրենց միանան թարմ ուժեր։ Հակառակ դեպքում նրանց բոլոր ճառերը գնահատում ենք որպես վնասակար դատարկաբանություն»։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---