2 փետրվարի 2012 - 13:18 AMT
Ալեքսանդր Իսկանդարյանը չի հավատում Քոչարյանի վերադառնալուն ԱԺ ընտրությունների ժամանակ

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հավանական չի համարում խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն: «Քաղաքական տեսանկյունից այնքան էլ ռացիոնալ չէ, որ Քոչարյանը վերադառնա խորհրդարանական ընտրությունների ժամանակ` դառնալով 131-ից մեկը»,-հայտարարել է փորձագետը:

Ընդ որում, Իսկանդարյանը հեգնանքով նկատել է, որ ինչպես ցույց է տալիս հայկական քաղաքականության պրակտիկան, «վերադառնում են բոլորը»` նկատի ունենալով Կարեն Դեմիրճյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին: Այս առնչությամբ նա նկատել է, որ Քոչարյանը ճիշտ դիրքորոշում ունի`«նա լռում է և եթե խոսում է, ապա հազվադեպ, քիչ և անորոշ»:

«Կովկաս» ինստիտուտի տնօրենը նաև նկատել է, որ այս փուլում Քոչարյանի վերադարձի մասին բոլոր լուրերը ոչ այլ ինչ են, քան որոշ հայ լրագրողների երևակայության արդյունք: Այս առնչությամբ նա հումորով հիշեցրել է «Շան սիրտը» վեպի հերոս պրոֆեսոր Պրեոբրաժենսկու խոսքը` «թերթեր չկարդալ»: