6 փետրվարի 2012 - 21:18 AMT
Վիկտոր Զուբկովը նշել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում

Փետրվարի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Զուբկովին: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու երկկողմ ձգտումը շատ լավ մթնոլորտ են ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման համար: Նախագահի խոսքով, երկու երկրների միջև տարեցտարի աճում է ապրանքաշրջանառությունը, մեծանում է ռուսական կապիտալով համատեղ ձեռնարկությունների քանակը, ավելի բազմազան է դառնում հումանիտար համագործակցությունը:

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալն իր հերթին նշել է, որ 2008 թվականին Հայաստան կատարած իր նախորդ այցից հետո՝ անցած չորս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի սերտացել և ջերմ են դարձել: Դրանք, Վիկտոր Զուբկովի խոսքով, ամրապնդվել են նաև բարձր մակարդակի փոխայցելություններով, այդ թվում` Սերժ Սարգսյանի անցյալ տարվա հոկտեմբերին ՌԴ կատարած պետական այցով: Վիկտոր Զուբկովը հավաստիացրել է, որ երկու երկրների կառավարություններն ակտիվ աշխատանք են իրականացնում այդ փոխայցելությունների ընթացքում ՀՀ և ՌԴ նախագահների կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի համանախագահների հանդիպումը տեղի է ունենալու վաղը՝ Երևանում:

Զրուցակիցները հեռանկարային են համարել փոխգործակցության զարգացումը գյուղատնտեսության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում: