Քաղաքապետ. Մենք ավելի արդյունավետ կդարձնենք շտապբուժօգնության աշխատանքը

Քաղաքապետ. Մենք ավելի արդյունավետ կդարձնենք շտապբուժօգնության աշխատանքը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր այցելել են Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի Կենտրոն կայան և ծանոթացել 2011 թվականի ընթացքում կատարված արդիականացման ծրագրի աշխատանքների արդյունքներին:

Քաղաքապետարանից հայտնում են, որ նրանք նախ ծանոթացել են մեքենաների պարկին, գծային և վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած և ամբողջովին նորացված մեքենաների աշխատանքային հնարավորություններին:

«Շտապօգնության ծառայության սպասարկման որակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է, և մենք շարունակելու ենք այս օղակում բարելավման ու արդիականացման աշխատանքները: Վստահ եմ՝ ակտիվորեն համագործակցելով արտակարգ իրավիճակների նախարարության հետ, մենք էլ ավելի արդյունավետ կդարձնենք այս օղակի աշխատանքը»,-նշել է քաղաքապետը:

Այնուհետ Տարոն Մարգարյանն ու Արմեն Երիցյանը շրջել են կայանի ամբողջությամբ վերանորոգված և վերազինված սենյակներով: Այստեղ հյուրերին ծանոթացրել են «1-03» օպերատիվ ծառայության արդիականացման ուղղությամբ արդեն ձեռնարկված ու կիրառվող ժամանակակից հնարավորություններին, այդ թվում շտապօգնության մեքենաներում GPS համակարգի տեղադրման, դրանց տեղաշարժի առցանց վերահսկման, ինչպես նաև շտապբուժօգնության ծառայության և ենթակայանների միջև համակարգչային կապի ապահովման ծրագրերին:

Քաղաքացիների կանչերի արագ սպասարկման նպատակով, վերջերս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շտապօգնության ծառայության հենակետային կայաններ են բացվել նաև Ավան և Նուբարաշեն վարչական շրջաններում:

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---